ՄԻՊ-ը արձագանքել է Արեգնազ Մանուկյանի՝ երեխայի հետ շփվելու արգելքին

Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանի՝ երեխայի հետ շփվելու արգելքին: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են ՄԻՊ-ից:

ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արեգնազ Մանուկյանի հետ։ ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ Մանուկյանը հայտնել է, որ իր նկատմամբ կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում շփվել դստեր հետ:

ՄԻՊ-ից հիշեցնում են, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանը չի կարող քննարկել դատարանի կողմից կոնկրետ քրեական վարույթով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ անհատական բողոքները՝ Միաժամանակ ընդգծեով՝ քանի որ կալանքը անձի ազատության իրավունքին առավել խիստ միջամտող խափանման միջոց է, ՄԻՊ-ը պարբերաբար բարձրաձայնում է դրան առնչվող խնդիրները։

ՄԻՊ-ը հայտնել է, որ այլ հարցերի թվում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը հասցեագրել իրավասու պետական մարմիններին։

«Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի աշխատակազմը հաղորդակցություն է վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ քննարկելու երեխայի լավագույն շահն ապահովելու, և նրա կարիքներին համարժեք աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Դատարանն արգելել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ Արեգնազ Մանուկյանին խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ: Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորն իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է «անմարդկային և ցնցող»:

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալանավորված Արեգնազ Մանուկյանին արգելում են շփվել 13-ամյա դստեր հետ. փաստաբանն ահազանգում է «պատժիչ քայլերի» մասին