Մինչև 5 միլիոն դրամ. պարգևավճարների չափերը՝ արտահոսած փաստաթղթում

Մինչ պաշտոնյաները շարունակ հրաժարվում են հրապարակել նախորդ տարվա երկրորդ կիսամյակի համար իրենց ստացած պարգևավճարների չափը, այդ տեղեկությունը ոչ պաշտոնական խողովակով է արտահոսում:

«5-րդ ալիք»-ի ձեռքի տակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ է հայտնվել: Գրված է, թե որքան պարգևավճար են փոխանցում տարբեր պետական կառույցների գլխավոր քարտուղարներին՝ մոտ 2.3 միլիոն դրամից մինչ շուրջ 5 միլիոն: 32 պաշտոնյայի անուն կա այս ցանկում: Խրախուսելու մասին այս որոշումը, սակայն, պաշտոնապես հրապարակված չէ: Որոշման տեքստում հղում են անում ընդհանուր 4.6 միլիարդի պարգևավճարներ բաժանելու՝ շաբաթներ առաջ ընդունված որոշմանը:

Հրապարակումից ժամեր է անցել, կառավարությունից դրա իսկությունը չի հերքել:

Ըստ արտահոսած փաստաթղթի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը կես տարվա համար շուրջ 4 միլիոն դրամ է ստացել՝ ավելի քան 10 հազար դոլար, ամսական ստացվում է 657 հազար դրամ: Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն էլ ավելի շատ՝ 4 միլիոն 240 հազար 500 կամ ամսական մոտ 710 հազար դրամ է ստացել:

Արտաքին գործերի նախարարությունում նրանց պաշտոնակցի հաշվին էլ ավելի մեծ թիվ կերևա. Դավիթ Կարապետյանին միայն կես տարվա համար պարգևատրել են շուրջ 5 միլիոն դրամով՝ ամսական 823 հազար150 դրամ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թվերից այս կողմ». Պարգևավճարներ, հաշվարկներ և փակ տվյալներ

Իր գործընկերոջ եկամուտներից առանձնապես հետ չի ընկնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը. նրան էլ շուրջ 4.9 միլիոն դրամով են խրախուսել, ամսական ստացվում է 815 հազար դրամ: Ի դեպ, Գասպարյանն արդեն լրացրել է 2025-ի եկամուտների հայտարարագիրը՝ ստացել է ընդհանուր ավելի քան16 միլիոն դրամ: Եթե գումարենք այս վերջին որոշման միլիոնները, կստացվի ավելի քան 21 միլիոն դրամ, ամսական 1 միլիոն 762 հազար 545 դրամ կամ շուրջ 4 հազար 700 դոլար: 2024-ի համեմատ նրա եկամուտներն աճել են գրեթե 2 անգամ:

Չհրապարակված այս փաստաթղթի համաձայն՝ յոթանիշ խրախուսումներ են ստացել նաև 28 այլ կառույցների՝ նախարարությունների, կոմիտեների, մարզպետարանների աշխատակազմերի և այլ գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: Թե որքան են ստացել վարչապետը, փոխվարչապետերը, Փաշինյանի կաբինետի մյուս անդամներն, առայժմ պարզ չէ: Կառավարությունը հրաժարվել էր «Ազատությանը» հայտնել տեղեկությունը՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործադիրը չի բացահայտում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների չափերը

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի առաջարկած տարբերակով, թե հայտարարագրով հնարավոր է դա տեսնել, նրա ստացած աշխատավարձի ու պարգևավճարների ամբողջական չափը, սակայն, չենք կարող իմանալ, որովհետև եկամուտների հայտարարագրում կերևա միայն նախորդ տարվա ընթացքում ստացած գումարը: Խրախուսումների երկրորդ փաթեթն այս ամիս է ընդունվել, պաշտոնյաների հաշիվներին դրանք կնստեն առաջիկա ամիսների ընթացքում:

«Ազատության» հաշվարկով՝ նախարարների ամսական եկամուտը 2025-ի ընթացքում կկազմի պլուս-մինուս 2 միլիոն 300 հազար դրամ կամ 6 հազար դոլար: Այս հաշվարկն արել ենք նախարարների ավելի վաղ արած հայտարարությունների հիմքով: Դավիթ Խուդաթյանը, սակայն, կարծում է՝ իրենց եկամուտների աճը «հսկայական չի եղել»: Ավելին՝ պարգևավճարները չհանրայնացնող կառավարության անդամը պնդում է՝ Հայաստանը որոշ դեպքերում ավելի թափանցիկ է, քան եվրոպական երկրները:

«Ավելի քան թափանցիկ իրավիճակ ունենք մեր դեպքում, այնպես որ անհանգստանալու բան չկա: Հայաստանում թափանցիկության երբեմն շատ ավելի բարձր մակարդակ կա, ներառյալ, օրինակ, պաշտոնյաների նվերներ ստանալու մասով, և հաճախ եվրոպացի գործընկերների հետ երբ շփվում ենք, տեսնում ենք իրենց զարմանքը, որ Հայաստանում այս տեսակի պաշտոնյայի շուրջ թափանցիկությունն այս մակարդակի է հասցված», - նշել է նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների եկամուտների տարբերությունը Հայաստանում

Դավիթ Խուդաթյանը պնդել է՝ անձամբ իր ստացած պարգևավճարը անցած տարվա առաջին կեսի համար ավելի ցածր է եղել, քան արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ստացած 6-ից 7 միլիոն դրամը: Կառավարությունը պարգևավճարը հատկացնում է պաշտոնյաների աշխատանքի գնահատման արդյունքով: