Կառավարությունը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե անցած տարվա երկրորդ կիսամյակի գնահատման արդյունքներով որքան պարգևավճար են ստանալու վարչապետը, փոխվարչապետը և նախարարները: Գրավոր հարցմանն ի պատասխան այսօր միայն հայտնել են, որ նշված պաշտոնյաների վարձատրության մասին տեղեկություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով տեղեկատվության ազատության, անձնական տվյալների մասին օրենքներով և աշխատանքային օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:
Ամիսներ առաջ, սակայն, կառավարությունը, «Հետք»-ին տրամադրել էր 2025-ի առաջին կիսամյակի ընթացքում վարչապետի ստացած պարգևավճարի չափը՝ մոտ 12 միլիոն դրամ:
Գործադիրից միայն հորդորել են ծանոթանալ շաբաթներ առաջ կայացված որոշմանը, որտեղ, սակայն, միայն նշված է գերատեսչություններին տրամադրվելիք ընդհանուր գումարը: Ըստ այդ որոշման՝ կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի: Կառավարությունից նաև հայտնել են, որ գործադիրի անդամների պարգևատրումները դեռևս չեն իրականացվել: