Ավելի քան կես տարի կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Եվրոպական դատարան: Սրբազանի փաստաբանները Ստրասբուրգին են ներկայացրել Եվրոպական կովենցիայի միանգամից մի քանի հոդվածների խախտումներ: Ըստ դիմումի՝ ոտնահարվել են հոգևորականի անձնական անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության իրավունքները, իսկ քրեական հետապնդումը պարզապես քաղաքական նպատակներ ունի:
Այսօր Վերաքննիչ դատարանը կհրապարակի իր որոշումը արքեպիսկոպոսին կալանքից ազատելու հարցով: Մեկ ամիս առաջ է հոգևորականը վիրահատվել, փաստաբանները պնդում են, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս նրան պահել բանտում:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Իրավապահները հանցագործություն են որակել հարցազրույցներում արտահայտած նրա մտքերը, երբ նա խոսել էր ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտության մասին: Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել. քանի որ թե՛ Աջապահյանը և թե՛ դատախազներն այն բողոքարկել են վերաքննիչ ատյան: Արքեպիսկոպոսն արդարացում է պահանջում: Գլխավոր դատախազությունը համարում է, որ երկու տարվա պատիժը քիչ է, ու դիմել է Վերաքննիչ, որ կես տարով էլ ավելացնեն: