«Մեզ հուշում էին՝ այստեղ եք այնքան, ինչքան կցանկանա ՀՀ իշխանությունը, ցավոք այդպես է». Իշխանյանը՝ Բաքվի բանտից

Ադրբեջանական դատավարության, հայաստանյան քաղաքական զարգացումների, արցախցիների հասցեին հայտարարությունների համադրությունից ցավալի եզրահանգման է եկել հայ գերիներից Դավիթ Իշխանյանը: Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը ընտանիքի միջոցով նորից ձայնային հաղորդագրություն է հրապարակել:

Այս անգամ Իշխանյանը հանրությանը ուզում է պատմել իր տպավորությունների ու համոզմունքի մասին, թե ինչու են իրենք մինչև հիմա Բաքվի բանտում:

«Այն անհատները, պաշտոնական անձինք, որ մեր հետ շփվում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները: Մենք ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել, ինչպե՞ս մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անիրականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է ու հասկանալի, որ, ցավոք, այդպես է, ցավոք, զարգացումներն ու այս դատավարության գործընթացը, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք», - նշել է Իշխանյանը:

Արցախցիների հասցեին ուղղված մեղադրանքների ու խոսքերի մասին էլ Իշխանյանը նշում է առանց անունների: Վարչապետ Փաշինյանն այս նախընտրական արշավի ընթացքում արցախցիների հասցեին զգուշացումները սաստկացրել է: Հատկապես պայթեց արցախցի Արթուր Օսիպյանի հետ բանավեճի ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի տղամարդը ձերբակալվել է

«Ղարաբաղի նախկին պաշտոնյա, պսևդոէլիտայի ներկայացուցիչներ, մեկիդ ծպտունը դուրս չգա, ամեն ինչին չափ կա, սահման կա, վեր ընկեք տեղներդ», - ասել է վարչապետը:

Բոլորի համար էլ պարզ է՝ ով է մեղավորը և ում գործունեության հետևանքով տեղի ունեցավ այդ ամենը, նշում է Արցախի նախկին պաշտոնյան ու էլի առանց անունների. «Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ ղարաբաղցիներին ինչ-որ իրականությանը չհամապատասխանող բաներ է փոխանցում, բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով և ում գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ: Մոտավորապես երեք տարի է՝ մենք այստեղ ենք, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ էլ կամքի ուժը մեզ չեն լքել ու դավաճանել»:

Դավիթ Իշխանյանի այս հրապարակմանը իշխանական թևից դեռ չեն արձագանքել: Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասաց, թե ամեն ինչ անում են հայ գերիներին ազատելու համար, ու միաժամանակ մեղադրեց ընդդիմադիրներին, թե նրանց ելույթները բացասաբար են ազդում այս հարցի լուծման վրա:

«Ադրբեջանում էլ են, չէ՞, հետևում քաղաքական խոսույթին, տեսնում են, չէ՞, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս, դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե ազդում է», - ասել է Փաշինյանը:

Դավիթ Իշխանյանը դաշնակցական է, Փաշինյանը Դաշնակցությանն ու հիմնական մրցակիցներին մեղադրում է Արցախը հետ բերելու մտադրությունների համար, բայց այդ ուժերից պնդում են, որ արցախցիների վերադարձի իրավունքն են առաջ մղելու, հետ բերելու մասին ոչինչ չեն խոստանում:

«Էդ տրամաբանությամբ եթե նույն Դաշնակցությունը մոտավորապես զարգացնում է այն միտքը, թե ասենք Ղարաբաղը հետ ենք բերելու, այսինքն, տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ պրոցեսին», - նշել է վարչապետը:

Ադրբեջանական ռազմական դատարանում զմահ ազատազրկման դատապարտված Իշխանյանը շարունակվող ապօրինությունների մասին էլ է խոսում: Մինչև հիմա նույնիսկ մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տարբերակը հասանելի չէ իրենց: Բողոքարկել է դատարանի վճիռը, նիստը հուլիսի 2-ին է:

«Կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, պարզապես պոռթկաց ու ասաց՝ «մենք մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար»: Դա էր ամբողջ գնահատականը»:

Արցախցի նախկին պաշտոնյան 20 օր առաջ էլ էր ահազանգել իր նկատմամբ ապօրինությունների մասին, դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ ադրբեջանական կողմից ստանա մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իր ընտանիքին: Պաշտպան Մանասյանն արձագանքել էր, թե իր լիազորությունների սահմանները Բաքու չեն հասնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին

Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվի բանտից ուղերձներ են հղել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրանք ահազանգում են, որ այն, ինչ կատարվում է ադրբեջանական դատարանում էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ:

Ռուբեն Վարդանյանը ուղղի քննադատել էր Նիկոլ Փաշինյանին, նրա Առաջին հանրապետության օրվա առթիվ ռազմական շքերթը որակել անբարոյականություն, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են ու զրկված տարրական մարդկային իրավունքներից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակիԴավիթ Իշխանյանը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական բանտից«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասին