Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռմբակոծել են Սիրիայում ԻՊ-ի ենթադրյալ զինապահեստը

Արխիվ

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը շաբաթ երեկոյան համատեղ գործողություն են իրականացրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից նախկինում օգտագործված զենքի ենթադրյալ ստորգետնյա պահեստի ոչնչացման ուղղությամբ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Հետախուզական տվյալների վերլուծությունը, ըստ ՊՆ-ի, հայտնաբերել է ստորգետնյա օբյեկտ, որը ենթադրվում է, որ օգտագործվել է Պալմիրայից հյուսիս գտնվող լեռներում զենք և պայթուցիկ նյութեր պահելու համար:

Նշվում է, որ նախնական նշանները ցույց են տալիս, որ թիրախը հաջողությամբ խոցվել է:

Մեծ Բրիտանիան հայտնել է, որ թիրախը ռմբակոծելու համար կիրառվել են Typhoon FGR4 մարտական ինքնաթիռներ։