Ձերբակալությունից մեկ օր առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը խոսել էր իշխանության կողմից ճնշումների ու ընտրակաշառք բաժանելու մասին:
«Գյուղական համայնքները միավորելով, միլիոնավոր դոլարների ընտրակաշառքներ բացեիբաց իրականացնելով, կեղծ ընդդիմադիրների և այլն ձայներ փոշիացնելով՝ այդ բոլորը մենք տեսանք...», - ասել էր նա:
Այսօր արդեն Հակակոռուպցիոնը նրան մեղադրեց ընտրակաշառք տալու համար: Երեկ նրան ձերբակալեցին, իսկ այսօր դատարանը քննում է Գալստյանին կալանավորելու հարցը:
«Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի և նրան չեն ձերբակալի մի շինծու գործով: Ես կարող եմ բոլորին հավաստիացնել, որ սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի և չի կարող ունենալ», - ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Գալստյանի հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը: Երկուսի բնակարանն էլ իրավապահները խուզարկել էին, ու Արթուր Վանեցյանի խոսքով՝ անօրինական ոչինչ չեն առգրավել, միայն հեռախոսներ: Վանեցյանը քաղաքական է որակում այս քրեական գործը:
«Սա ահազանգ պիտի լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետև սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրություններին մարդկանց շինծու գործերով կալանավորելու, ձերբակալելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը կասեցնելու կամ խաթարելու համար», - նշեց նա Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում:
Վանեցյանը հավաստիացրեց, որ մեկ լումա անգամ որպես ընտրակաշառք չեն բաժանել. ««Հայրենիք» կուսակցությունը որևէ մի լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել, ու նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել, որովհետև բնության մեջ նման բանը բացակայում է առհասարակ»։
Վստահ է, որ դատարաններում իրավապահները կպարտվեն. «Ընտրությունները և առհասարակ քաղաքական գործունեությունը իրենից ենթադրում է որոշակի մարդկանց ներգրավում, բայց չգիտեմ, քարոզարշավի ժամանակ, սրա-նրա տարբեր գործերի համար։ Հիմա եթե դա հանցանք է, ապա ինչո՞ւ է դա հանցանք միայն ընդդիմադիր ուժերի համար»։
Հարցին, թե վարչապետ Փաշինյանը ցանկանո՞ւմ է ճնշել նրան, պատասխանեց. «Փաշինյանը շատ բան կարող է ուզել, կարևորը ստացվի, ինձ ճնշել անհնար է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով ձերբակալվել են ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամներԱյս գործընթացը քաղաքական որակող «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանի պնդմամբ՝ իշխանությունը փորձում է ընդդիմադիրներին թուլացնել. «Ավելի փոքր մասշտաբով մեր Վաղարշապատի տարածքային կառույցի պատը՝ Արամ Քոչարյանի մասով։ Արամ Քոչարյանն էլ իր հերթին նաև եկեղեցում է աշխատում, վեհափառի կողմնակից է, ու մեթոդները իրենք կիրառելու են այս իշխանությունները։ Ամեն օր խոսում են ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, մեղադրում են նախկին տարբեր իշխանություններին տարբեր արատների մեջ, բայց իրենցից արատավոր իշխանություն մենք չենք ունեցել»։
Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում: Մեղադրյալների փաստաբաններն էլ նախաքննության փուլում իրավունք չունեն փակագծերը բացել:
«Մենք կարող ենք պնդել, որ այն, ինչ-որ գործընթացներ իրականացվել են ընտրական պրոցեսների շրջանակներում, այսինքն՝ օրինակ՝ Էջմիածնի ընտրությունների ժամանակ, տեղի է ունեցել բացառապես օրենքի սահմաններում, օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Վստահաբար որևէ քրեական օրենսգրքի հոդված այդ ընթացքում չի խախտվել», - ասաց փաստաբան Սոս Հակոբյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամներին կալանավորելու միջնորդությունըՀակակոռուպցիոնն, ըստ նրա, պահանջում է կալանքի տանել մեղադրյալներին՝ գործին չխոչընդոտելու, չթաքնվելու հիմնավորմամբ:
Բացի «Հայրենիք» կուսակցության երկու անդամից, այս գործով ճաղերի հետևում է ևս վեց հոգի: Նրանց շարքում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը: Թե ինչ առնչություն է ունեցել նախկին բարձրաստիճան պաշտոնյան Արթուր Վանեցյանի թիմի հետ, Հակակոռուպցիոնը չի մանրամասնում: Մյուսների անուններն իրավապահները չեն հայտնում, իսկ ընդդիմադիր «Հայրենիքից» պնդում են, թե Արմավիրի նախկին փոխմարզպետը իրենց կուսակցությունից չէ: