Երկու օրից Ռուսաստան չի մտնի նաև հայկական թարմ լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչ բանջարեղենն ու ելակը: «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ուժի մեջ մտնող ժամանակավոր սահմանափակման մասին այսօր հայտարարեց:
Մոսկվան պնդում է՝ վերջին մեկ շաբաթում հայկական ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, իսկ «Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ»։
Տասը տոննայից ավելի կանաչ պղպեղով բեռնատարն օրեր շարունակ ՌԴ-ի սահմանին է, բեռնափոխադրողն այսօր է տեղեկացել, որ «Ռոսսելխոզնադզորի» այսօրվա ցանկում նաև իր տեղափոխած ապրանքն է: «Ազատության» հետ զրույցում ասաց.- «Երեք արկղ վերցրել են ինձնից, ուղարկել Ռոստով՝ փորձաքննության, որպեսզի ծագումը պարզեն: Այստեղ ինչքան հնարավոր է՝ բարդացնում են վիճակն ինձ համար: Փորձաքննությունը կարող է տևել 21 աշխատանքային օր, մի խոսքով՝ ես մեկ ամսից շուտ տուն չեմ վերադառնա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտՄինչև այս ռուսական կողմը սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը, «Ջերմուկ» հանքային ջրի և մի քանի ընկերությունների ալկոհոլային խմիչքի վաճառքը։
«Ռոսսելխոզնադզորի» այսօրվա ցուցակում է նաև ելակը: Հայաստանում ելակ աճեցնող ու արտահանող ընկերություններից մեկի տնօրենը չձայնագրվելու պայմանով ասաց՝ կսպասեն մինչև հունիսի 7-ը կայանալիք ԱԺ ընտրությունները, հետո կհասկանան՝ ինչ անել, իսկ մինչև այդ ապրանքը կտանեն Արաբական միացյալ Էմիրություններ:
Էկոնոմիկայի նախարարը դիմել է Բրյուսելին
Ծաղիկ աճեցնող հայկական ամենամեծ ընկերություններից մեկի սեփականատերը նույնպես հրաժարվեց հարցազրույցից, կրկին չձայնագրվելու պայմանով ասաց՝ ծաղիկները հիմա թափում են, որովհետև ծավալն այնքան մեծ է, որ տեղական շուկայում անհնար է սպառել: Պնդեց՝ իրենց աճեցրած ծաղիկի որակն անգերազանցելի է, Ռուսաստանում այդ որակի ծաղիկ չկա:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նույնն է պնդում նաև մի շարք այլ ապրանքների մասով, ավելին՝ ասում է՝ դիմել է Բրյուսելին, որ Հայաստանում աճեցված վարդերը եվրոպական շուկա հասնեն:
«Առաջարկել ենք եվրոպական գործընկերներին, որովհետև շատ են սիրում խոսել աջակցությունից, դե եթե շատ սիրում են խոսել, թող աջակցեն մեզ, որպեսզի նաև ֆինանսական գործիքներով աջակցեն, որ մեր վարդերը վաճառվեն եվրոպական շուկայում: Արձագանք կա, ասել են՝ հաշվարկներ տվեք, հաշվարկներն էլ տվել ենք»,- «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարը:
Կանաչ պղպեղ տեղափոխող բեռնափոխադրողը պնդում է՝ ինքն ու գործընկերները նույն արտադրողի ապրանքն էին փորձում ռուսական շուկա տանել, Հայաստանում ստացել են ֆիտոսանիտարական ստուգում, ըստ որի՝ պղպեղը բարձր որակ ունի, բայց դա ռուսական կողմին չի հետաքրքրել:
«Հայտնվել եմ զննման ցուցակի մեջ: Ամբողջ բեռը պետք է բեռնաթափեն, կշռեն, հետ բարձեն, մի հատ էլ էդտեղ կշեռքի խախտում կգտնվի, մի հատ էլ էդտեղ կտուգանվեմ, մոտ 30 օր ես դեռ մնալու եմ Լարսում, էս ապրանքը չգիտեմ, երևի արդեն թափելու ապրանք կլինի»,- ասում է բեռնափոխադրողներից մեկը:
Մինչ այս և մի քանի այլ բեռնափոխադրողներ պնդում են, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատել է իրենց ապրանքի բարձր որակը, վարչապետ Փաշինյանը կրկին հորդորում է տնտեսվարողներին՝ անորակ ապրանք չտանել ոչ մի երկիր.
«Ցանկացած ապրանք, որ ստանդարտից դուրս է, մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել: Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր էն արտադրողներին որոնք ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում: Իսկ ստանդարտներին համապատասխան արտադրանքի համար 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում և այդ բոլոր շուկաներն այսօր բաց են ՀՀ-ի համար»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Խնդիրն ապրանքի որակով թող չպայմանավորեն»- արձագանքում են վարորդներն ու հակադարձում՝ վարչապետը չգիտի՞, որ Ռուսաստանն այսպես զգուշացնում է Հայաստանին՝ չգնալ ԵՄ, հակառակ դեպքում՝ ռուսական շուկան բոլոր ապրանքների համար կփակի: Անանուն մնալու պայմանով՝ վարորդներից մեկը «Ազատությանը» պատմեց՝ 2 օր առաջ Հայաստանից փողկապավոր մարդիկ էին գնացել իրենց հետ խոսելու, հարցուփորձ են արել ու առանց հստակ պատասխանների հեռացել.
«Ընդամենը եղել են 5 հոգի, եկել էին հենց սահմանին, մոտեցել էին վարորդներին, վարորդներն էլ ներկայացրել էին վիճակը: Իրենք էլ ասել էին՝ տեսնենք՝ խնդրանքի կարգով ինչ կարանք անենք: Ոչ մի ռեալ բան չեն ասել, չեն ասել՝ ինչ կլինի, ոնց կլինի»,- պատմեց բեռնափոխադրողներից մեկը:
Ռուսաստանից գրեթե ամենօրյա ռեժիմով են արդեն տարբեր պաշտոնյաներ Հայաստանին զգուշացնում, որ անհնար է ԵԱՏՄ-ում մնալով հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ: Հայաստանից զգուշավոր են արձագանքում, վարչապետն էլ հայտարարում է, որ Երևանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից: