Համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել. այս անգամ 55-ամյա մի կին է հայտնվել իրավապահների թիրախում: Փաստաբան Արտակ Մովսիսյանը իր պաշտպանյալի անձնական տվյալները չհրապարակեց, միայն նշեց, որ կինը ախուրյանցի է ու ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակիր: Կնոջը մեղադրանք է առաջադրվել, դատարանը մեկամսյա կալանք է սահմանել:
«Հրապարակային բռնության կոչեր իրականացնելը և նաև խուլիգանություն, որը կատարվել է համացանցի օգտագործմամբ», - ասաց Մովսիսյանը:
Ընդ որում՝ փաստաբանը պնդում է, որ ոչ թե հրապարակային գրառում է արվել համացանցում, այլ մասնավոր նամակագրությունն է սքրինշոթ արվել ու համացանցում տարածվել. «Գրառումը, որը հիմք է հանդիսացել քրեական վարույթ նախաձեռնելու և քրեական հետապնդում հարուցելու, հանդիսանում է մասնավոր զրույց՝ մեկ օգտատիրոջ կողմից մյուս օգտատիրոջն ուղարկված հաղորդագրություն: Նամակագրություն, որը հրապարակային բնույթ չի կրել, բայց դա վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվել է որպես հրապարակային խոսք, հետևաբար նաև հրապարակային կոչ»:
Թե ով է նամակագրությունը տարածել համացանցում, փաստաբանը դժվարացավ ասել, բացառեց, թե դա իր պաշտպանյալն է արել: Պնդեց նաև, որ դեռ ապացուցված չէ, որ իր վստահորդն է ուղարկել այդ նամակը, բայց նա արդեն կալանքի տակ է:
Ե՛վ Քննչական կոմիտեն, և՛ Դատախազությունն այսօր հրաժարվեցին այս դեպքի մասին տեղեկություն տրամադրել՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել:
Արդյո՞ք ախուրյանցի կնոջ ընդդիմադիր հայացքները կապ ունեն այն հանգամանքի հետ, որ իրավապահները շատ արագ գնացին նրա հետևից. փաստաբանը իրավապահների գործողություններում կաշկանդվածություն նկատել է, բայց ոչ թե իր պաշտպանյալի քաղաքական հայացքների, այլ հրապարակված գրառման մեջ նշված անունների հետ կապված. «Այն, որ այդ գործողությունները կաշկանդված են եղել՝ պայմանավորված գրառման բովանդակության հետ, ակնհայտ է, քանի որ գրառումը կապվում է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվան հետ: Ես կարծում եմ՝ իրավապահ մարմինների կաշկանդվածությունն ակնհայտ էր»:
Թե վարչապետի ու նրա ընտանիքի հասցեին ինչ բռնության կոչ է պարունակել նամակը, փաստաբանը չբացահայտեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: Ամեն դեպքում տարակուսած է, թե միջին ծանրության հանցանքի համար ինչու ընտրվեց ամենածանր խափանման միջոցը՝ բանտային կալանքը:
Արտակ Մովսիսյանի խոսքով՝ իր վստահորդն ավելի վաղ դիմել է դատախազություն, հետո նաև ոստիկանություն, որ իր անվամբ կեղծ էջ է բացվել, և կոնկրետ անձ փորձում է իրեն վնասել: Օրեր առաջ Ախուրյանի ոստիկանություն է գնացել՝ ճշտելու, թե ինչ գործողություններ են ձեռնարկել, նրան հենց այդ ժամանակ էլ ձերբակալել են:
72 ժամը լրանալուց հետո կնոջը մեղադրանք չի առաջադրվել, և ազատ են արձակել, բայց շենքից դեռ դուրս չեկած կրկին ձերբակալել են, այս անգամ արդեն մեղադրանք առաջադրել:
«Արգելանքից ազատվելու պահին նույնիսկ այն իրավիճակում, երբ անձը նոր էր ոստիկանությունից դուրս գալիս, այդ ժամանակ կրկին ձերբակալել են՝ այս անգամ մեկ այլ հիմքով՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու», - նշեց նա:
Արտակ Մովսիսյանի խոսքով՝ սա վատ նախադեպ կարող է դառնալ. «Ստացվում է, որ ցանկացած անձն, ով մասնավոր նամակագրություն կարող է ունենալ, կարող է հայտնվել այսպիսի իրավիճակում: Իր նամակագրությունը որևէ անբարեխիղճ անձ կարող է հրապարակել, և դրա պատճառով անձը կարող է հայտնվել նման իրավիճակում»:
Վերջին տարիներին սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կամ այլ իշխանավորների հասցեին համացանցում արված սպառնալից գրառման համար քրեական վարույթ է հարուցվում:
«Ազատությունն» անցած նոյեմբերին հարցում էր ուղարկել Քննչական՝ պարզելու, թե քանի նման վարույթ են քննում իրավապահները: Կոմիտեից պատասխանել են, թե նման հաշվառում չեն իրականացնում, իսկ արդեն իսկ հարուցված վարույթների մասին էլ տեղեկություն չեն տրամադրում՝ պնդելով, թե այդ տեղեկությունը հասանելի է դատավարության սահմանափակ մասնակիցների:
Հայաստանյան իրավապաշտպանները այս գործերում խտրական արդարադատություն են տեսնում: Կոնկրետ օրինակներ ունեն՝ իրավապահները չքննեցին ու պատասխանատվության չենթարկեցին այն իշխանավորներին, որոնք վիզը, ականջները կտրելու կոչեր էին հնչեցրել ընդդիմադիրների հասցեին, КГБ-ի գործակալ անվանել բարձրաստիճան հոգևորականներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրգործ կա, մեղադրյալ՝ չկա. կաթողիկոսին «քարով սատկացնելու» արտահայտություն հնչեցրած գառնեցին դեռ չի հարցաքննվելՎերջին ամենաթարմ օրինակն էլ իշխանամետ գառնեցի տղամարդուն է վերաբերում: Կաթողիկոսին «քարով սատկացնելու» կոչ հնչեցրած տղամարդը, չնայած հունվարին հարուցված քրեական գործին, մինչ օրս մեղադրյալի կարգավիճակ չունի՝ ի տարբերություն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների: