«Մարդասպան», «մարդասպանը Նիկոլդ ա». միջադեպեր Քոչարյանի հանդիպումների ժամանակ

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Այսօր Պռոշյան և Քասախ համայնքներում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից քննադատեց իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որակեց սադրիչ, մեղադրեց 44-օրյա պատերազմը սադրելու և այդ պատերազմում պարտության համար։

Քոչարյանը դիմեց իր հետ հանդիպման եկած բնակիչներին, թե այս ընտրության բանաձևը լինելու է հետևյալը՝ ով ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին։ Նախկին նախագահի պնդմամբ՝ 2021 թվականի խոստումները Փաշինյանը չի կատարել, և նրան ղեկավարում է Ադրբեջանի նախագահը:

«Անվտանգությունը մենք ասում ենք, որ պետք է լինի երաշխավորված։ Այն, ինչ անում է այս Կառավարությունը, ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի մեկ մարդուց՝ կոնկրետ Իլհամ Ալիևից, Ադրբեջանի նախագահից։ Եթե համարում ենք, որ Ադրբեջանի նախագահը գիշեր-ցերեկ չի քնում, մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում ենք։ Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար», - հայտարարեց երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև իրեն վերագրվող ձայնագրությանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի քանի տարվա վաղեմության հեռախոսազրույց, որ իբր Քոչարյանը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանից աջակցություն է խնդրում, թե քաղաքականություն է մտել նրա հետ փոխհամաձայնությամբ և 2023-ին խնդրում է այդ իրավիճակից ելք։

Ռոբերտ Քոչարյանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր հերքեց, ասաց, որ իրեն վերագրվող այդ ձայնագրությունը կեղծ է, և վստահեցրեց, որ եթե ուզենար հանդիպել Պուտինին և որևէ բան ասեր, ապա կհանդիպեր տետ ա տետ և նրան փակ հանդիպման ժամանակ իր ասելիքը կասեր։

«Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չի եղել ընդհանրապես։ Իհարկե հորինված է։ Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում», - ընդգծեց Հայաստանի նախկին նախագահը:

«Հայաստան» դաշինքի առաջնորդի հանդիպումներն առանց միջադեպերի չանցան։ Քասախ համայնքում հանդիպման եկած բնակիչներից մեկը մոտեցավ Քոչարյանին, նրան ենթադրաբար մեղադրեց Մարտի 1-ի համար, նշեց, որ 2008 թվականի այդ արյունալի իրադարձությունների զոհերից մեկը՝ Գոռ Քլոյանն իր ընկերն է եղել, և հետո գոռում էր «մարդասպա՛ն»։ Քոչարյանի աջակիցներն էլ հակադարձեցին, թե մարդասպանը Նիկոլ Փաշինյանն է։ Ռոբերտ Քոչարյանը ելույթը ընդհատեց և իր աջակիցներին հորդորեց, որ սադրանքի չտրվեն։ Նա դա որակեց սադրանք և իշխանությանը մեղադրեց այդ սադրանքները կազմակերպելու մեջ։

«Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք: Չեք հիշո՞ւմ, հիշացնե՞մ: Իսկ դուք Գոռ Քլոյանին ճանաչում ե՞ք, գիտե՞ք, որ իրա էրեխեն անտեր մեծացավ ձեր պատճառով, չգիտե՞ք: Ես զարմանում եմ՝ դուք ո՞նց եք մտնում մարդկանց մեջ, դուք ո՞նց եք ման գալիս», - ասում էր այդ քաղաքացին, - «Մարդասպան դավաճա՛ն: ... Բա խի՞ գնդակահարեց մեզ, իմ ընկերներին»:

«Մարդասպանը Նիկոլդ ա, Նիկոլդ», - հակադարձեցին նախկին նախագահի աջակիցները:

«Այս իշխանության ջղաձգումներին էս նորմալ ա, առաջիկա օրերին ավելի թեժ ա լինելու, ըմբռնումով մոտեցեք», - հայտարարեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նման մի միջադեպ էլ տեղի ունեցավ Պռոշյանում, մի քաղաքացի փորձում էր մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, նրան տարածքից հեռացրեցին։

Քոչարյանն այստեղ էլ ելույթը ընդհատեց և իր աջակիցներին հորդորեց, որ նման դեպքերում չմիջամտեն և որևէ բանի չխառնվեն, և պնդեց, որ իշխանությանը այդպիսի պատճառ է պետք իր թիմակիցներին կալանավորելու համար։

Եթե երկրորդ նախագահը վարչապետին մեղադրում է պատերազմը սադրելու և պարտության համար, Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժին մեղադրում է պատերազմի համար և հայտարարում է, որ եթե ընդդիմադիրները իշխանության գան, պատերազմը անխուսափելի կլինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատերազմի եռագլուխ կուսակցությունից՝ լրտեսական եռագլուխ կուսակցություն. Փաշինյանի քարոզարշավը Լոռիում«Նման խոսակցություն չի եղել». Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի հրապարակած ձայնագրության մասին«Փաշինյանն ընդդեմ Քոչարյանի շարունակում է շահարկել Մարտի 1-ի դեպքերը». ՄարուքյանՔոչարյան. Երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունի ժողովուրդը«23 գլխանի հրեշը», «փսիխոյի թուղթը», «վարկային համաներումը». քարոզարշավի 10-րդ օրը «Լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ». Քոչարյանը շարունակեց կոշտ քննադատել իշխանություններինՔոչարյանը քննադատում է Փաշինյանին, խոսում իր իշխանության աղմկոտ դեպքերից. որքանով են ճիշտ նրա պնդումները Քոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեցԴարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը ԱջափնյակումԱռաջին քրգործը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի դեմ, դաշինքը դատապարտել է տեղի ունեցածը