Մալիում ռուս վարձկանների հարձակումից ութ քաղաքացիական անձ է սպանվել․ Human Rights Watch

Ռուսաստանի և Մալիի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ասիմի Գոիտայի ձեռքսեղմումը Մոսկվայում, 23-ը հունիսի, 2026թ․

Նախորդ ամիս Մալիում ռուսական «Աֆրիկյան կորպուս» ռազմական կազմակերպության ավիահարվածների հետևանքով ութ քաղաքացիական անձ է սպանվել, նրանց թվում նաև երեխաներ կան, հայտնել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։

Ըստ HRW-ի՝ ռուսական կազմակերպությունը տարբերություն չի սահմանել ռազմական և քաղաքացիական օբյեկտների միջև։

Մալիում 2021 թվականից ռուս վարձկաններ են գործում։ Սկզբում այնտեղ տեղակայվել էին «Վագներ» խմբավորման անդամները, իսկ Եվգենի Պրիգոժինի մահից հետո նրանց Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիմնած «Աֆրիկյան կորպուսը»-ն է փոխարինել։

HRW-ի հետաքննությունը պարզել է, որ, ըստ Մալիի ռազմական աղբյուրների, «Սու-24» ինքնաթիռը հունիսի 15-ին առնվազն երկու ռումբ է արձակել Կիրնիա գյուղի վրա:

«Կիրնիայում իրականացված հարվածները, ըստ ամենայնի, կոնկրետ ռազմական թիրախների դեմ ուղղված չեն եղել, ինչն այդ հարվածներն ապօրինի է դարձնում», - հայտնել են իրավապաշտպան կազմակերպությունից։

«Աֆրիկյան կորպուսը» հունիսի 15-ին մի գյուղի վրա իրականացված հարվածի կադրեր էր հրապարակել՝ նշելով, որ «ահաբեկչական խմբավորումների հավաքատեղի» են թիրախավորել, սակայն HRW-ին և Reuters-ին չի հաջողվել տեղորոշել տեսանյութի հստակ վայրը։ Պարզ չէ՝ արդյո՞ք դա Կիրնիա գյուղն էր։

Մալին Արևմտյան Աֆրիկայի Սահել տարածաշրջանի երկրներից է, որտեղ տարիներ շարունակ գործում են իսլամիստական զինված խմբավորումներ։ Երկրում հակամարտությունը սկսվել է դեռ 2012 թվականին և մինչ օրս չի ավարտվել։

Մալին, Բուրկինա Ֆասոն և Նիգերը վերջին տարիներին հայտնվել են զինվորականների իշխանության տակ։ Նրանք հեռացել են նախկին արևմտյան գործընկերներից, հատկապես՝ Ֆրանսիայից, և անվտանգության հարցերում սկսել են ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ։

Նախորդ ամիս The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մալիում «Ալ-Քաիդայի» հետ կապվող «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբավորման» դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

WP. Թրամփի վարչակազմը քննարկում է Մալիում ռազմական գործողության հնարավորությունը«Վագներ»-ի նախկին զինյալները` Պրիգոժինի որդու գլխավորությամբ, նարկոկայսրություն են ստեղծել Աֆրիկայում. WSJՄալիում հարձակվել են ռուս մարտիկներ տեղափոխող շարասյան վրաՄալիի պաշտպանության նախարարը սպանվել էՄալիում կրկին հարձակումներ են, տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացելՄալին խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետՄալիում «Վագներ»-ի տասնյակ վարձկաններ են սպանվել, այդ թվում Gray Zone տելեգրամ ալիքի ադմինիստրատորը