Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր անդրադառնալով Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի թիրախավորմանը՝ կատարվածը «ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում» է որակել։
«Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ նավաստի սպանելով։ Սա ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում է, որն արվել է Իսրայելի դրդմամբ՝ Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար», - X-ում գրել է Արաղչին։
Նա հայտնել է նաև, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցներում ընդգծել է, որ Կիևի այս քայլը «չի կարող անպատասխան մնալ»։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։
Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։