Լուկաշենկոն Երևանին կոչ է անում չհեռանալ ԵԱՏՄ շուկայից և մտածել՝ կհաջողվի՞ ԵՄ-ում վաճառել իր արտադրանքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունում է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարներին, Մինսկ, 2-ը հոկտեմբերի, 2026թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել նրանից, «ինչ այսօր օգուտ է տալիս»:

«[Հայաստանին] Պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչ այսօր քեզ օգուտ է տալիս: Պետք չէ հեռանալ այս ընդհանուր [ԵԱՏՄ] շուկայից», - հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք դրանից հեռանալ: Ոչ մի տեղ, հավատացեք ինձ՝ հին նախագահիս, գրեթե 30 տարի աշխատում եմ, ոչ մի տեղ մեզ չեն սպասում», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաև Հայաստանին կոչ է արել մտածել՝ կհաջողվի՞ արդյոք Եվրամիությունում վաճառել իր արտադրանքը, այդ թվում՝ կոնյակը:

«Եթե դու որոշել ես [գնալ] Եվրոպական միություն, ո՞ւր ես շտապում: Դու հստակ պարզիր՝ որտեղ քո կոնյակը կվերցնեն, որտեղ քո բանջարեղենը, մրգերը կվերցնեն, ինչ ծավալով, կկարողանա՞ս լրացնել այն, ինչ վաճառում ես այսօր մեզ մոտ: Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իրե՛նը չգիտի ինչ անի, բայց քոնը կգնի, լավ, գնա: Ի՞նչ ես վազում: Ի՞նչ ես սայլը ձիերից առաջ դնում», - նշել է Բելառուսի նախագահը:

Դատելով БелТА լրատվական գործակալության հրապարակած լուսակարներից՝ Հայաստանից պատվիրակություն չի մեկնել Մինսկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցում է տեսակապով: Փաշինյանն ավելի քան երկու տարի առաջ է հայտարարել, թե Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։

Պաշտոնական Երևանը բազմիցս հավաստիացրել է, որ մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և Եվրամիությանն ինտեգրման գործընթացը, քանի դեռ դա հնարավոր է:

Այդուհանդերձ, Մոսկվայից հետևողականորեն պնդում են՝ միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ մաքսային միության կազմում գտնվելն անհնար է, և Երևանին առաջարկում են Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել:

Այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ բարձրացրել է սեպտեմբերի սկզբին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը պնդել է, որ Եվրամիությանն անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն: «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք», - ասել է վարչապետը:

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը: Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:

Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures - ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը «դեռ համաձայնեցված չէ»«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». ՓաշինյանԼավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար» Հայաստանի բողոքի հարցով ԵՏՀ-ում որոշման համար կոնսենսուս է անհրաժեշտ. ՊապոյանՊուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն «Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն»