Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը «դեռ համաձայնեցված չէ»

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումը Բիշքեկում, 1-ը սեպտեմբերի, 2026 թ.
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումը Բիշքեկում, 1-ը սեպտեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն Ռուսաստաանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև նախկինի պես կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա առաջիկայում, լրագրողներին այսօր հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը:

Արձագանքելով Հայաստանի վարչապետի՝ ռուսական պետական լրատվամիջոցին տված մեկնաբանությանը, թե Հայաստանը նստած է «ոչ թե երկու, այլ մեկ՝ հայկական աթոռի վրա», Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին, սակայն միևնույն ժամանակ շեշտել, որ «այդ երկիրը ԵԱՏՄ-ի մասնակից է»։

Փաշինյանը մեկնաբանությունն արել էր Նյու Յորքում՝ պատասխանելով «Վեստի»-ի լրագրողի հարցին, ով, ինչպես Ռուսաստանի իշխանությունները, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը համեմատել էր 2 աթոռի վրա նստելու փորձի հետ:

«Աստիճանական վերակողմնորոշումը դեպի այլ չափորոշիչներ չի համադրվի ԵԱՏՄ չափորոշիչների հետ ամենատարբեր ոլորտներում։ Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել, և շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի բոլորիս համար այս կարևոր ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմատիվների և սկզբունքների հետ», - այսօր ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մոսկվայից հայտարարում են, թե միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է: Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ առաջարկել էր ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Փաշինյանն էլ հերթական անգամ պնդել էր, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը, քանի դեռ այն հնարավոր է:



XS
SM
MD
LG