«ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է». հարց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արեգա Հովսեփյանը

Խորհրդարանը շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Նախօրեին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանն» առաջադրեց արցախցի Արեգա Հովսեփյանի թեկնածությունը: Այժմ պատգամավորները նրան հարցեր են ուղղում:

«Քաղաքացիական պայմանագրից» Արայիկ Հարությունյանը հարց ուղղեց՝ «ինչպե՞ս եք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը»: Այդ օրը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել էին իրենց հանձնառությունը1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այդպես Երևանը փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում:

«Դուք հարցնում եք՝ արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ: Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ճանաչում եմ ու չեմ մոռանալու, ինչպես, որ չեմ մոռանալու 120 հազարը: Միշտ հարց է առաջանում ինձ մոտ՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, թե արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Ի՞նչ նպատակով է հարցնում, ցավացնելո՞ւ: Ձեր հարցերը վաղուց ինձ չեն ցավացնում: Ես տեսել եմ Արցախի անկումը, ցավացնում է այդ հիշողությունները»:

Հարությունյանն արձագանքեց.- «Ձեր հայտարարությունը տեղին կլիներ, եթե Դուք Պրահայի 2022 թվականի հայտարարությունից հետո շռնդալից հայտարարություն անեիք և դուրս գայիք Արտաքին գործերի նախարարությունից, որտեղ մնացել էիք մինչև 2023-ի օգոստոս: Եվ հետո, ինչու էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում ապրում ՀՀ մայրաքաղաք Երևանում»:

Հովսեփյանն ասաց, որ աշխատանքից ազատման դիմումը գրել է 2020-ի նոյեմբերի 10-ին, բայց որոշել է սպասել ընտրություններին: 2021-ից հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդի և մինչև 2023 թվականը չի աշխատել ԱԳՆ-ում:

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ խոսեց Եվրամիությանը միանալու մտադրության մասին, Արեգա Հովսեփյանին հարցրեց, թե արդյո՞ք իր ներկայացրած ընդդիմադիր ուժը կիսում է այդ օրակարգը և եթե հանրաքվե լիներ, կողմ կլինեին միանալ ԵՄ-ին, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում:

Արեգա Հովսեփյանը հստակ պատասխան չտվեց՝ կողմ են ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին.- «Մենք եվրաինտեգրման քաղաքականությանը միանշանակ կողմ ենք, բայց նաև դեմ ենք կեղծ օրակարգերին: Հատկապես, որ Ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա: Հիմա Դուք ինձ հարց եք տալիս, որ գոյություն չունի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ նշել էր, որ Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց չի կանգնած, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը։

Վարչապետն ասել էր, որ Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, բայց և շեշտել էր.- «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»։