Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունքից

Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 25-ին շարունակվել է հայ ռազմագերիների դատը: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր վերջին ելույթը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Հայ գերիների դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:

Պետական գործակալությունների փոխանցմամբ՝ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում տրված ցուցմունքների հիման վրա:

Նա դատարանին ներկայացրել է երեք օր շարունակված իր ելույթի 51 էջանոց տեքստը, որը խնդրել է կցել դատական նիստի արձանագրություններին:

Այնուհետև եզրափակիչ խոսքով սկսել է հանդես գալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում:

Ռազմական դատարանում ավելի վաղ խոսել էին նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունել:

Բաքվում պահվող գերիների շահերը միջազգային դատարաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում այս ամենը ֆարս է անվանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. նա հոսպիտալացվել էԴավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը չեն ընդունել Բաքվում առաջադրված մեղադրանքներըԱրցախի նախկին ղեկավարները Բաքվի դատարանում չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքներըԱդրբեջանի դատախազությունը ցմահ ազատազրկում պահանջեց Ռուբեն Վարդանյանի համար