Կրեմլը մանրամասներ է հայտնում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից. ի՞նչ է քննարկվել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ընդգծվել է, որ Կիևի՝ մեր երկրի խորքերին հարվածներով շփման գծի ողջ երկայնքով ռուսական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու ձգտումը հեռանկար չունի։ Մեր զինված ուժերն ամբողջությամբ տիրապետում են նախաձեռնությանը և վստահորեն առաջ են շարժվում», - ասել է Ուշակովը։

Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հաստատել է հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ նա նաև նշել է, որ Պետդումայի ընտրություններին միջամտելու փորձով Կիևը խափանել է բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունը։

«Այժմ, ինչպես նշել է նախագահը, մենք կմտածենք, թե երբ կարելի է վերսկսել այդ բանակցությունները։ Թրամփը ուշադիր լսել է մեր փաստարկները և ասել, որ կհանձնարարի համապատասխան ուղերձներ փոխանցել ուկրաինական պատվիրակությանը, որն այս օրերին գտնվում է Մայամիում», - նշել է Ուշակովը։

Ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ-ում է՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցելու: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվելու է նոր առաջարկ, «որը ներառում է հակամարտության բոլոր ասպեկտները և ուղղված է պատերազմի դադարեցմանը»:

Ուկրաինացի պատվիրակների այցից առաջ Զելենսկին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, թե հակամարտությունը մտել է փակուղի և և որ իր կարծիքով՝ բանակցային կարգավորման հեռանկար չկա:

«Չի կարելի մի կողմից բանակցել ռուսների հետ ապագա տնտեսական որոշ նախագծերի շուրջ, իսկ մյուս կողմից՝ ասել, թե … դիվանագիտական փակուղում ենք: Մենք դիվանագիտական փակուղում չենք … Մի՛ կերակրեք նրանց ձեր վաճառքներով։ Պարզապես պատժամիջոցներ կիրառեք», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ռուսական դիզվառելիքի մատակարարումների մասին

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկել են նաև ռուսական դիզվառելիքի մատակարարումները ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ-ն այս հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերել:

Մեկ քանի շաբաթ առաջ Թրամփն ասել էր, թե Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր պատերազմի պատճառով, և մեծ թվով ռուսական վերամշակման գործարաններ պայթեցվել են կամ առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել»:

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը երկարաձգել էր դիզվառելիքի արտահանման արգելքը մինչև հոկտեմբերի վերջ, ինչն էլ ավելի էր մեծացրել լարվածությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, որն առանց այդ էլ ցնցումների մեջ է շարունակվող հակամարտությունների և մատակարարումների պակասի պատճառով:

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահի օգնականի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը շեշտել է, որ հարստացված ուրանը Իրանից դուրս բերելու առաջարկը դեռևս ուժի մեջ է:

«Նախագահը նշել է, որ, չնայած հրապարակային կոշտ հայտարարություններին, ամերիկացիները շարունակում են Իրանի հետ անուղղակի երկխոսությունը՝ Կատարի մասնակցությամբ», - ասել է Ուշակովը։

Թրամփը ողջունել է Ռուսաստանի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում։