Կրեմլում պատրաստվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Անցած շաբաթ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերին՝ Բիշքեկում։
Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։
Ըստ նրա՝ մյուս երկու հանդիպումները նախատեսված են դեկտեմբերի 11-12-ին, երբ տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետերի ձևաչափով հանդիպումը, և տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, երբ կանցկացվի ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։