«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 4 ժամ տևած նիստում երեկ իշխանականները՝ վարչապետի գլխավորությամբ քննարկել են նաև 2026-ի նախընտրական ցուցակում չհաստատված թեկնածուների՝ սեփական թիմակիցների բողոքարկումները։ Բայց թե ի՞նչ որոշման են հանգել իշխող ուժում, ՔՊ-ից դեռ չեն հայտնում։
Իշխող ուժի վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր միայն փոխանցեց՝ արդյունքները դեռ վերջնական ամփոփված չեն։
ՔՊ վարչության որոշման դեմ բողոքարկել էին ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Ջուլիետա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը: Այս ցանկում ամենաքննարկվածը Հայկ Սարգսյանի թեկնածության մերժումն էր։ Իշխանական պատգամավորը ինքն այդ որոշումը կապել էր օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու՝ իր օրենսդրական նախաձեռնության հետ։ Հայտարարել՝ «ցավացրել» է որոշ մարդկանց, որոնք էլ իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել։
«Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետևյալում՝ ես օրենքի նախագիծ եմ հեղինակել, սկզբնական շրջանում դրան դեմ է եղել Ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը, խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն», - ասել է Հայկ Սարգսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես բողոքարկելու եմ». ՔՊ-ում որոշել են, որ Հայկ Սարգսյանը նախընտրական ցուցակում չլինիԼրատվամիջոցները գրում էին՝ օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու օրենսդրական փոփոխության հետևանքով Սարգսյանի հարաբերությունները սրվել էին հատկապես ԱԺ նախագահի հետ: Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հերքել էր, թե ինքը բուքմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում:
Հայկ Սարգսյանն այսօր անարձագանք թողեց մեր զանգերը։ Նա այս օրերին արխիվային տեսանյութեր է տարածում, որոնցում ինքն ու եղբայրը պատանի տարիքից ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողքին են, մասնակցում են ցույցերին:
ՔՊ-ն մերժել էր նաև Սարգսյանի եղբոր՝ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի թեկնածությունը։ Նա այսօր ասաց՝ չի բողոքարկել որոշումը։
Մինչ իշխող ուժից հայտնում են՝ բողոքարկումների արդյունքերը դեռ վերջնական որոշված չեն, մերժված թեկնածուներից Կարեն Սարուխանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնեց՝ ինքը 2026 թվականի իշխող ուժի նախընտրական ցուցակում չի լինի, բայց կմնա թիմում, ընդ որում՝ պնդում է, թե ընտրություններից հետո պաշտոն կստանա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ 2026թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրավված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին և կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում», - նշել է նա։
Սարուխանյանի անունն էլ ամիսներ առաջ թմրանյութի սկանդալի հետ էր կապվում։ Այս հարցը անգամ ՔՊ-ի ներսում քննարկվեց, որից հետո էլ պատգամավորը թմրանյութի թեստ հանձնեց։
Ի դեպ, այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» Արտաշատում անցկացված ժողովում դարձյալ քննարկել է կուսակցության համամասնական ցուցակն ու նախընտրական շտաբի անելիքները:
Զեկույցներով են հանդես եկել կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը:
2026-ի ընտրություններում իշխանական ցուցակում հայտնվելու համար 380 թեկնածու է առաջադրվել: Առայժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսը կհաղթահարի քասթինգը: