Մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս, խոստանում է «Քաղաքացիական պայմանագիրը»:
Կուսակցության նախընտրական ծրագրում TRIPP նախագծի, ակադեմիական քաղաքի, մետրոյի Աջափնյակ կայարանի ու Բիոգազի արտադրության խոստումների կողքին կարդում ենք. «Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի պետի հեռացում»:
Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ մեկ տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է:
«Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Լավ կլիներ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրի մեջ ունենային Կտրիճ Ներսիսյանից ու այն մարդկանցից, ովքեր վարկաբեկում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, մաքրելն ու ազատելը, դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանը, մեր պետականությունը», - հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի նախագահի հիմնավորումը նորություն չէ, նախընտրական ծրագրում էլ գրել են՝ արտաքին ուժերը փորձում են եկեղեցին դարձնել պետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։
«Սա ոչ միայն միջամտություն է կրոնական կազմակերպության գործին, այլև հոգեորսություն». փորձագետ
«Եթե կան նման տվյալներ, մենք ունենք պատշաճ քրեական, դատավարական մեխանիզմներ, այսինքն՝ գործիքակազմ, որոնց շրջանակներում կարող են և՛ մեղադրանք առաջադրել, և՛ համապատասխան քայլեր ձեռնարկել, եթե որևէ անհատ կատարում է գործողություն, որն արգելված է մեր օրենսդրությամբ», - ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ կաթողիկոսի հեռացման ու եկեղեցու բարենորգման հարցերը նախընտրական ծրագիր տանելը եկեղեցու ինքնավարությանն ուղիղ միջամտություն է:
«Մեր և՛ Սահմանադրությամբ, և՛ համապատասխան օրենսդրությամբ շատ հստակ է, որ պետությունն անջատ է եկեղեցուց, ու սա նշանակում է, որ հենց պետությունը ի դեմս կառավարության, գործադիրի առաջին հերթին, չպետք է միջամտի ցանկացած եկեղեցու, ցանկացած կրոնական կազմակերպության ինքնավարության հարցերին», - նշեց Մելիքյանը:
Իշխող ուժի ծրագրում գրված է՝ եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավորները օտարվել են եկեղեցուց: Ըստ փորձագետի՝ սա ոչ միայն միջամտություն է կրոնական կազմակերպության գործին, այլև հոգեորսություն. «Չպետք է որևէ եկեղեցու անդամների թիվն ավելացնես կամ պակասեցնես որպես կառավարություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը միաձայն վարչապետի թեկնածու ընտրվեց, ելույթում դարձյալ մրցակիցներին ու կաթողիկոսին անդրադարձավԻ դեպ, Վիճակագրական կոմիտեի տվյալները օտարման մասին չեն. Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է բնակչության 95.2 տոկսը՝ 2 միլիոն 793 հազար 42 մարդ: Իրավական հարցորով փորձագետը վստահ է՝ իշխող թիմի նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման հարցը ներառելը հետագայում, ընտրություններից հետո կներկայացվի ժողովրդից ստացած մանդատ՝ փոփոխությունների համար: Իսկ Վեհարանն ազատելու Փաշինյանի սխեման նույնն է՝ նախկինում ասել է, այժմ էլ ծրագրում են գրել՝ կաթողիկոսը հեռանում է, ընտրվում է տեղապահ, նոր կանոնադրություն է ընտրվում, ապա նոր կաթողիկոսի ընտրություն անցկացվում:
«Քաղաքացիական պայմանագրում» համոզված են, ոչ թե Սահմանադրություն ու օրենքներ են խախտում եկեղեցու բարենորոգում խորագրի ներքո, այլ վերականգնում են սահմանադրական կարգը՝ եկեղեցին դուրս են բերում քաղաքականությունից:
«Սահմանադրություն չենք խախտում, որովհետև դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ, Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովը չէ, Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցին չէ», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Ազգային ժողովի նախագահը համաձայն չէ, որ իր թիմն ու առաջնորդ Փաշինյանը մայր օրենքն ու Հայ Առաքելական եկեղեցու օրենսդրությունն են խախտում, առաջարկում է անձն ու կառույցը չնույնացնել, միայն թե նախընտրական ծրագիր է մտել ոչ միայն Վեհափառի հեռացումը, այլև օրինակ նոր կանոնադրության ընդունումը, նաև թե ինչ պիտի սահմանվի այդ կանոնադրությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. Սիմոնյան«Կառավարությունն իրավունք չունի ո՛չ կանոնադրություն փոխի, ո՛չ ներքին կյանքին, կառուցվածքին վերաբերող որևէ հարցեր փոխել հենց որպես իշխանություն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շատ հստակ դիրքորոշում է արտահայտվել տարբեր գործերով և՛ Բուլղարիայի դեմ, և՛ Մոլդովայի դեմ, այլ անդամ պետությունների դեմ, որտեղ հստակ ասվում է, որ մի կողմից պետությունը պետք է չեզոքություն պահպանի», - ասաց Աննա Մելիքյանը:
Իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ վարչապետն արդեն ապացուցել է, որ որպես շարքային հավատացյալ չի լծվել հոգևոր ռեֆորմի գործին. «Գործողությունները կատարվում են ի պաշտոնե, որպես վարչապետ ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ հանդիպում է հրավիրվում: Երբ գործի են դրվում ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայողները, տեսնում են, որ պետական ապարատն էլ է օգտագործվում եկեղեցու ներքին խնդիրների լուծման կամ ինչ-որ նախընտրելի լուծման համար, սա, այո, միջամտություն է եկեղեցու կամ կրոնական կազմակերպության ինքնավարությանը»:
Չի բացառում, որ ընտրություններից հետո օրենսդրական փոփոխություններ կանեն՝ սահմանափակելու եկեղեցու ինքնավարությունը:
«Նախընտրենք բարին ընդդեմ չարիքի». կաթողիկոս
«Նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության», - հայտարարել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի պատարագին։
Սերը, համերաշխությունը, միասնությունը գերադասելու պատգամ էր հղում երեկ Ամենայն հայոց կաթողիկոսը: «Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց էլ դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, ու այդ ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ», - ասաց վեհափառը:
«Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր», - հայտարարել է կաթողիկոսը։
Ի դեպ՝ այս Զատկին Գարեգին Երկրորդի ամպհովանին կրում էին փաստաբաններ. Մայր Աթոռից բացատրում են՝ պատահական չէ, նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարաններում պաշտպանել իր ինքնուրույնության իրավունքը:
Իսկ Հայաստանի վարչապետը Քրիստոսի Հարության լուրը լսեց Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցում, այստեղ Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանն էր պատարագում՝ Փաշինյանին միացած 10-ից մեկը: Հոգևոր այս մի տոնն է առանց միջադեպի չանցավ: «Ամոթ Ձեզ տիրադավ», - բղավեց մի կին՝ Հարության լուրի չափ բարձր: