19 համայնքների ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները Ստեփանավանում և Եղեգնաձորում, որտեղ 50 տոկոսից ավելի ձայն չեն ստացել, սկսել են բանակցել իշխանամետ այլ ուժերի հետ, «Ազատությանը» հայտնեց պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Եղեգնաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հանրապետություն»-ը գրեթե հավասար ձայներ ունեն, իսկ Ստեփանավանում ՔՊ-ն ավելի քան 6 տոկոսով զիջում է գործող քաղաքապետ, «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանին:
«Գիտեք, որ նաև «Գործարար»-ի առաջին համարը գործող համայնքի ղեկավարն է, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է՝ մեր գործընկերն է, և տրամաբանությունը հուշում է, որ պատուհան է բացվում բանակցությունների համար, որպեսզի ավագանիները կարողանան ընտրել համայնքի ղեկավար», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Հասմիկ Հակոբյանը չհստակեցրեց՝ ՔՊ-ն կփորձի վերցնե՞լ իշխանությունը, թե՞ 41.5 տոկոս ստացած «Գործարար»-ի թեկնածու Արմեն Գրիգորյանը կշարունակի ղեկավարել համայնքը: Գորիսում, օրինակ, նույն «Գործարար»-ը մասնակցում էր ՔՊ-ի հետ «Համերաշխություն» կոչվող դաշինքով, և այստեղ նրանք 93 տոկոս են ստացել:
«Այստեղ առավելագույն ձայնը հավաքած ուժը չենք, բայց քննարկումները, բանակցությունները նրա համար են, որ ունենանք հայտարար», - ասաց պատգամավորը:
«Ազատության» դիտարկմանը՝ «այսինքն, հնարավոր է՝ Ստեփանավանում ձեր ձայները տաք «Գործարար»-ին, բացառված չէ», պատգամավորն արձագանքեց. - «Չգիտենք, դեռևս բանակցություն է, էլի, ես հիմա ո՞նց հայտարարություն անեմ, եթե բանակցություն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հաստատել է, որ բոլոր համայնքներում հաղթել է ՔՊ-ն կամ պրոՔՊ-ական թեկնածուները. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ, այսպես ասենք, պրոՔՊ-ական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»:
Ինքը՝ Արմեն Գրիգորյանը, ամբողջ օրն այդպես էլ չպատասխանեց «Ազատության» զանգերին: Թիմակիցներն ասացին՝ քաղաքում չէ:
Ընդդիմությունն էլ պնդում է, թե Ստեփանավանում ՔՊ-ի հարաբերական ձախողմանը նպաստել է «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը՝ «կոտրելով իշխող ուժի թևերը»: Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ մանկացում էր «Ուժեղ Հայաստան»-ը:
«Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել, ամենացածր տոկոսն է հավաքել, կարելի է ասել, և գրավել է ընդամենը երկրորդ տեղը, չի կարողացել հասնի հաղթանակի: Բացի դրանից՝ նա հիմա ստիպված է բանակցություններ վարել, որպեսզի իրեն տեղ տան՝ կոալիցիոն ինչ-որ տեղակալի տեղ տան, որ [...] կուսակցությունը չի ունենա քաղաքապետի պաշտոն, կունենա տեղակալի պաշտոն», - հայտարարեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Ուշագրավ է՝ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե «ամենևին էլ երջանիկ չէ» մի շարք համայնքներում ՔՊ-ի 70-ից 96 տոկոսանոց արդյունքներով, քանի որ դրանք ավտորիտարիզմի ու բռնապետության տպավորություն են թողնում:
«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ տենց առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները իրենք որոշակի ասոցիացիաներ են առաջացնում: Բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը:
Նման բարձր ցուցանիշներ ՔՊ-ն գրանցել է, օրինակ, Արտաշատում, Ախուրյանում, Արմավիրում, Գավառում, Հրազդանում, ընդ որում՝ 5 համայնքում ընդդիմությունն ընդհանրապես չէր մասնակցում ընտրություններին:
Մինչ ընդդիմությունն իրենց պասիվությունը բացատրում է իշխանական ճնշումներով, Փաշինյանը պնդում է, թե կատարել է խոստումը և «ոչնչացրել լրտեսական եռագլուխ կամ քառագլուխ կուսակցությանը»՝ նկատի ունենալով անգամ Կաթողիկոսին:
«Մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի: Եվ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ», - հայտարարեց վարչապետը:
Կիրակնօրյա ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ որոշ համայնքներում իշխանությունը ձևավորվում է միանձնյա, իսկ մյուսներում քաղաքական ապագան կախված է կոալիցիոն բանակցությունների ելքից: