ՔՊ-ական պաշտոնյաները աշխատանքային ժամերին մասնակցում էին ակցիաներին Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 18-ը դեկտեմբերի, 2025թ.

Թալինի ՔՊ-ական քաղաքապետը երեկ աշխատանքային ժամին Արագածոտնից Էջմիածին էր հասել մարտական տրամադրությամբ։ Մայր Աթոռի դեմ Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային էր մասնակցում, բարձրացել էր Մայր Տաճարի սյուներին ու չէր իջնում։

Ոստիկանները, որ օպերատորներին թույլ չէին տալիս այստեղից նկարահանում անել, վարչապետի բորբոքված թիմակցին հանդարտեցնելու, իջեցնելու քայլ չէին անում։ Համազգեստավորները մարդկանց վիրավորող ՔՊ-ականին նկատեցին, երբ կրքերը թեժացան։

«Ամեն ինչ տրամաբանության մեջ է, Նիկոլ Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանի պատկերի մեջ ամբողջական տեղավորվող հայհոյող չինովնիկներ, աշխատանքի ժամին Նիկոլ Փաշինյանի սրտով մասնակցող ինչ-որ պրոցեսներին չինովնիկներ, ամեն ինչ նորմալ է: Եվ անպատժելիություն, ամենակարևորը՝ երաշխավորված անպատժելիություն ցանկացած գործողության պարագայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հենց Փաշինյանի երաշխավորած անպատժելիությունն է ՔՊ-ականին հասցրել Էջմիածին, կարծում է իրավապաշտպանը: Նա այս տեսարանից չի զարմացել. - «Եկեղեցու հայաթում հայհոյանք հնչեցնող մարդը ՔՊ-ի ամբողջական պատկերն էր, էդ օրվա պատկերն էր, որովհետև մնացած օրերի համար Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ իր փոխարեն որևիցե մեկը այդ կարգավիճակը, նիշան զբաղեցնի»։

Տավրոս Սափեյանն ամբողջ օրը չարձագանքեց «Ազատության» զանգերին։ Չկարողացանք ճշտել՝ ինչո՞ւ էր աշխատանքային ժամին հասել Էջմիածին։

«Հիմա ձեզ պիտի ասեմ ինչու եմ եկե՞լ». - Կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին միանալը աշխատանքից առավել կարևորել էր նաև Վեդիի ՔՊ-ական քաղաքապետը։ Կեսօրից Գարիկ Սարգսյանն արդեն տեղում էր։ Ինչո՞ւ է աշխատանքային ժամերին լքել համայնքապետարանը. լրագրողների հարցերին, ըստ էության, չպատասխանեց։

«Իմ բան ու գործը թողած չի, դուք հանգիստ էղեք։ [...] Դուք չեք ինձ վճարում, իմ համայնքի բնակիչն ա՝ իրա մուծած հարկերից ես աշխատավարձ եմ ստանում, դուք չեք ինձ վճարում», - լրագրողների հարցերին արձագանքում էր Սարգսյանը:

«Նման պատվիրակում չէր կարող անել համայնքը, և ինքն էլ նման լիազորություններ չունի՝ համայնքը էդ ոլորտում ներկայացնելու։ Այնպես որ, մարդը մոլորության մեջ է, մարդը անգամ իր նվազագույն պարտականությունները չգիտի, իր լիազորությունների շրջանակները չգիտի, ու ոչ մի զարմանալի բան չկա», - ընդգծեց Կարապետյանցը:

Մայր Աթոռի դեմ հավաքին աշխատանքային ժամերին մասնակցելու անթույլատրելիության մասին երեկ ակնարկել էր
տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը. - «Ժամը էնպիսին է, որ, [աշխատանքային ժամ է], այո, կաշկանդված եմ լինելու»:

Արդյո՞ք ՔՊ-ականների հարցը կքննարկեն կուսակցությունում, պարզ չէ: Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրում» նաև օրեր առաջ էթիկայի կանոնագիրք են ընդունել, քաղաքական կուլտուրայի զարգացման գործում իրենց պատասխանատվությունն են ամրագրել, բարեվարքության ստանդարտներ սահմանել որ, դուրս լինեն հայհոյախոսությունից ու վիրավորանքից: Արդյո՞ք ՔՊ-ի սահմանած էթիկայի ստանդարտների շրջանակում է Տավրոս Սափեյանի վարքը, և հնարավո՞ր է հենց նրա հարցը քննեն։ Կուսակցության վարչությունից այսօր ճշտել չհաջողվեց։ Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ երեկվա դեպքերին չի հետևել, ու հրաժարվեց մեկնաբանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երեկ Մայր Աթոռում Կաթողիկոսի հեռացման պահանջ փոխանցած եպիսկոպոսներին ուղեկցում էին քաղաքացիական հագուստով ուժայիններԵպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտ«Բացառում եմ բախումների որևէ հնարավորություն». Փաշինյանը՝ Մայր Աթոռում նախատեսված հավաքի մասին ՆԳՆ-ը հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից