Քուշներ. Նոր գաղափարները կարող են ճեղքումների հանգեցնել

Իռլանդիա - ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Դուբլին, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Այժմ գլխավոր խնդիրն է Մոսկվայի և եվրոպական գործընկերների միջև ուղղակի շփման ապահովոււմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները, ով անցնող շաբաթվա ընթացքում Սթիվ Ուիթքոֆի հետ մասնակցեց Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցություններին Աբու Դաբիում, ապա հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:

Քուշների խոսքով՝ բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել, որոնք այժմ ուսումնասիրվում են: «Որոշ գաղափարներ կարող են հանգեցնել ճեղքումների, մյուսները կարող են զարգանալ և դառնալ նոր առաջարկներ, որոնք կօգնեն հաղթահարել մնացյալ տարաձայնությունները», - գրել է Դոնալդ Թրամփի փեսան X-ում:

«Մամուլը հաղորդել է երկու կողմերի որոշ առավելապաշտական պահանջների և կոշտ քաղաքական հռետորաբանության մասին: Մեր մասնավոր զրույցներում երկու կողմերն էլ խոստովանում են, որ պատերազմի ավարտի համար պետք կլինեն գործնական փոխզիջումներ», - գրել է Քուշները:

Թե ինչ նոր գաղափարներ են ի հայտ եկել բանակցությունների ընթացքում, ամերիկացի բանագնացը չի հստակեցրել: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, թե ամերիկյան գործընկերներն առաջին անգամ բարձրացրել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ Դոնբասի տարածքների «փոխանակման» հարցը՝ գաղափար, որ նախկինում չէր քննարկվել:

Ըստ Քուշների՝ Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, որ խաղաղ համաձայնագիրը պետք է նախատեսի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և անվտանգության մասին պայմանավորվածություններ, որոնք կնվազեցնեին նոր պատերազմի վտանգը: Թրամփը կսատարի միայն այնպիսի համաձայնությունը, որը կուժեղացնի Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը, նշել է ԱՄՆ նախագահի փեսան:

Թե երբ տեղի կունենա բանակցությունների նոր փուլը, դեռևս չի հաղորդվում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումըՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ Եվրոպան ևս մասնակցի բանակցային գործընթացին. ՔուշներՈւկրաինայում եվրոպական զորքերը լեգիտիմ թիրախ կլինեն ՌԴ-ի համար. Պուտինը՝ ամերիկացի բանագնացներինԱբու Դաբիում բանակցություններն ավարտվեցին, կողմերը հայտարարություններ արեցին