Նախընտրական և հետընտրական շրջանում վարչապետի կողմից Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված սպառնալիքները այսօր երկրորդ նախագահն իր դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով դատավարությանն էր քննության առարկա դարձրել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ձեր Ռոբը գնդակահարել է, եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ», - մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ:
Այսօր դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պնդեց. - «Սա քաղաքական պատվեր է, և այս պատվերը եթե առաջ sms-ով էին ուղարկում, հիմա հրապարակային է ասվում: Եվ դա քաղաքական խոսք չէ, շատ պարզ, հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ»:
Դատավորը, սակայն, պնդեց, որ վարչապետի խոսքերը քաղաքական գնահատականներ են, արգելելով անգամ բարձրաձայնել այդ արտահայտությունները դատարանի դահլիճում:
«Ես նորից զգուշացնում եմ՝ ... կա՛մ վստահում եք դատարանին, սպասում եք դատարանից արդարադատություն, կա՛մ չեք վստահում դատարանին և նախագահող դատարանին ներկայացում եք բացարկի միջնորդություն: Երրորդ տարբերակ չկա», - հայտարարեց դատավորը:
Ռոբերտ Քոչարյանը, սակայն, շարունակում էր վկայակոչել վարչապետին՝ ակնկալելով, որ դատավորը գնահատական կտա Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին:
«Երբ որ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ, որ դատավորների կեսը կաշառակեր են, որովհետև որոշումները կայացնում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է արդարադատությունը, բայց եթե մի հատ հայտարարություն չի արվում, որ դա անթույլատրելի խոսույթ է, Դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր՝ մի քանի հարյուր դատավորից, մի հայտարարություն չի անում, որ «էս ի՞նչ եք ասում», ես ի՞նչ պետք է մտածեմ դատական համակարգի մասին: Եվ նույն մարդը զուգահեռ ասում է՝ «ինքը պիտի նստի», - նշեց նախկին նախագահը:
«Այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արդարադատության իրականացման վրա որևէ ազդեցություն չունի և չի կարող ունենալ», - վստահեցրեց դատավոր Սարգիս Պետրոսյանը:
Դատական արդարադատությանը չվստահելուց բացի՝ երկրորդ նախագահը նաև միջնորդում է ընդհանրապես դադարեցնել իր դեմ քրեական հետապնդումը:
Քոչարյանն ու նրա բարձրաստիճան երեք ենթակաները «Մարտի 1»-ի գործով հինգ տարի առաջ արդարացվեցին, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նրանց մեղադրանք էր առաջադրվել: Սակայն 2024-ին գործը վերաբացվեց՝ իշխանական լիազորություններն անցնելու, ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Արդեն երկու տարի է քննությունը ձգձգվում է՝ չհասնելով բուն գործին:
«Իսկապես ես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրվում: Առաջին օրից չեմ հասկացել, չեմ հասկանում, թե իմ որ գործողության շնորհիվ ես գերազանցել եմ իմ պարտավորությունները, պարտականությունները, լիազորությունները», - ասաց երկրորդ նախագահը:
Ավելին, տասը մարդու կյանք խլած արյունալի գիշերը Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե անգործություն կցուցաբերեր, եթե իրավապահներին հրահանգներ չտար: Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծված որակելով ընտրությունները՝ բազմամարդ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, որը ուժով ցրվեց մարտի 1-ի վաղ առավոտյան:
«Երկրորդ տեղը զբաղեցրած, 21.5 տոկոս հավաքած էդ մարդը հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը կրել է ընտրությունները և ինքը պետք է գնա նախագահական պալատ: Հիմա ես պատկերացնում եմ՝ 21 թվականի ընտրություններին մենք հավաքել ենք 25 տոկոս՝ խորհրդարանական ընտրություններում, եթե հայտարարեի, որ մենք կրել ենք այս ընտրությունները և պետք է գնանք Կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ», - ասաց Քոչարյանը:
2008-ին ընտրակեղծիքների մասին բարձրաձայնել էին տեղական և միջազգային դիտորդները, անկախ լրատվամիջոցները: Ռոբերտ Քոչարյանն այսօր վստահեցրեց, որ իր նպատակը չէր Սերժ Սարգսյանին իշխանություն փոխանցելը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտիմեկյան իրադարձություններից 17 տարի անց հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ «Մարտի 1»-ի 18-րդ տարելիցին դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանությունների համար, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից երեք ամիս անց հայտարարել էր, թե գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է: