Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը:
Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ՝ քրեական հետապնդում սկսելու երկրորդ նախագահի դեմ: Դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ անձ է որոշվել Գլխավոր դատախազությունը: Առաջին նիստը նշանակված է հունիսի 24-ին:
Օրերս նախկին նախագահի փաստաբանն էր լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնել այս նոր մեղադրանքից: Արամ Օրբելյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահին մեղադրում են դեռ 2004-2009 թվականների մի գործարքի համար, որը վերաբերում է «Մաստեր կլաս» թենիսի տարածքին:
Ըստ իրավապահների, իր նախագահության տարիներին Քոչարյանը, շահադիտական դրդումներից ելնելով ,պետական գույքը ցածր գնով որդուն օտարելու համար հանձնարարել է Կառավարության անդամներին ընդունել մի որոշում, որով ուսումնական հաստատություն հանդիսացող «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը» օտարվել է «Կինետիկ» ընկերությանը մոտ 12 միլիոն դրամով՝ շուրջ 96 անգամ էժան, քան դրա իրական գինն էր՝ 1.1 միլիարդ դրամը:
Ըստ Դատախազության, այս գույքը օտարման ենթակա չէր:
Սակայն փաստաբանը հակադարձում է՝ թե՛ երկրորդ նախագահը և թե՛ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն այդ գործարքի հետ:
«Հետագայում արդեն, երբ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով: Ինչ-որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ», - նշել է Արամ Օրբելյանը: