Քննչական կոմիտեն «Ազատության» հարցմանը պատասխանել է, որ քննում են Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը: Ընդ որում, քննությունն արվում է եկեղեցու միջադեպից հետո հարուցված գործի շրջանակում:
Գործը հարուցված է խուլիգանության և պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով: Երեկ կալանքից ազատ արձակված Դավիթ Մինասյանը հենց այդ հոդվածներով է մեղադրվում, եղբայրը՝ Միքայելը, օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար:
Թե ինչ կարգավիճակ ունի Դավիթին բռունցքով հարվածած վարչապետի անվտանգության աշխատողը, Քննչականը չի մանրամասնում:
Հսկող դատախազի որոշմամբ երեկ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանին երեկ ուշ երեկոյան հիվանդանոցից տեղափոխել էին բանտ։
Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը թիկնազորի հետ Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված՝ ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ: Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան: