Ուկրաինական իշխանությունները դիտարկում են ութ տանկերներ, որոնք 300 հազար տոննա ռուսական դիզվառելիք են տեղափոխում Միացյալ Նահանգներ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են աղբյուրները Ուկրաինայի կառավարությունից:
Նավերից յոթը հայտարարել են ԱՄՆ-ը որպես իրենց ուղևորության նպատակակետ, ութերորդը՝ Հունաստանի դրոշի ներքո նավարկող Athina M.-ը, ենթադրաբար նույն ուղղությամբ է նավարկում:
Չորս տանկերներ՝ Leruo, Primorye, Manta և Feliks, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ են, նշել են աղբյուրները, որոնք խոսել են անանուն մնալու պայմանով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Թրամփը հայտնեց, թե Պուտինի հետ համաձայնության է եկել երեք ամսվա ընթացքում ԱՄՆ և համաշխարհային շուկաներ միլիոնավոր տոննաներ ռուսական դիզվառելիք բաց թողնելու վերաբերյալ:
Ուկրաինական աղբյուրների նշած նավերը բեռնվել են հոկտեմբերին ռուսաստանյան նավահանգիստներում, նախ և առաջ՝ Բալթիկ ծովի Պրիմորսկ նավահանգստում, և պետք է ԱՄՆ ժամանեն նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամանակահատվածում:
Միաժամանակ, Միացյալ Նահանգներում գործող երկու լոբբիստական կազմակերպություններ՝ «Ամերիկյան կոալիցիա հանուն Ուկրաինայի» և «Ռազոմ» հանուն Ուկրաինայի», հաստատել են, որ 13 նավի են հետևում, որոնք կարող են ռուսական դիզվառելիքը ԱՄՆ հասցնել այս շաբաթ:
«Ամերիկյան կոալիցիա հանուն Ուկրաինայի» կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Եվգենի Գոնչարովը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ռուսական դիզվառելիքի ներկրումը տնտեսական փոքր իմաստ կունենա Միացալ Նահանգների համար՝ միաժամանակ եկամուտ ապահովելով Մոսկվայի համար:
«Դիզելի գործարքը աբսուրդ է՝ բառի բոլոր իմաստներով», - նշել է Գոնչարովը՝ պնդելով, որ ներկրումները չեն նվազեցնի գները ամերիկացի սպառողների համար, և ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն ինքը դիզվառելիք արտահանող է: