Կիևը Մոսկվային ռազմական հանցագործության մեջ է մեղադրում՝ Խերսոնում վաճառողի վրա ԱԹՍ-ով հարձակման համար

ԱԹՍ-ն հետապնդում է տղամարդուն, Խերսոն, 4-ը օգոստոսի, 2026թ․

Ուկրաինան նախօրեին Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար, երբ տեսանյութ հրապարակվեց, որում երևում է՝ ինչպես է անօդաչուն Ուկրաինայի Խերսոն քաղաքում հետապնդում և վիրավորում բանջարեղեն վաճառող մի տղամարդու:

Ուկրաինայի ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է անօդաչուն հետապնդում է տղամարդուն, որը որպես փողոցային կրպակ օգտագործվող միկրոավտոբուսի կողքն է գտնվում։ ԱԹՍ-ն պայթում է, երբ տղամարդը փորձում է պատսպարվել մեքենայի հետևում: Ոստիկանության փոխանցմամբ՝ 50-ն անց տղամարդը ողջ է մնացել, սակայն կոնտուզիա և բեկորային վնասվածքներ է ստացել։

«Իսկապես սարսափելի է»

Ավելի ուշ ուկրաինացի պաշտոնյաները հայտնեցին, որ տուժածը 52-ամյա Յուրին է և հիվանդանոցից հրապարակել են նրա հետ հարցազրույցը:

«Ես նոր էի բացել հովանոցը և սկսել իջեցնել արկղերը: Կինս նույնպես այնտեղ էր: Հետո լսեցինք ԱԹՍ-ի բզզոցը, բայց նույնիսկ չէինք տեսնում այն: Այն եկավ շուկայի հետևի ինչ-որ մասից՝ այնտեղի թփերից, և շատ ցածր էր թռչում», - պատմել է Յուրին՝ շարունակելով․ - «Բաց տափաստան է։ Գնալու տեղ չկա։ Սարսափելի է, իհարկե։ Իսկապես սարսափելի»։

«Այսօր շատերին ցնցեց Խերսոնում խաղաղ բնակիչների դեմ ռուսների իրականացրած անօդաչուների «սաֆարիի» հերթական տեսանյութը, - X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ «Ռուսաստանը խելագարվել է» և կոչ արել «ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի դեմ և Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրել»:

Reuters-ը հաստատել է տեսանյութի նկարահանման վայրը՝ համադրելով շենքերը, ճանապարհները արբանյակային ու արխիվային պատկերների հետ։ Սակայն գործակալությունը չի կարողացել հաստատել տեսանյութի նկարահանման օրը։ Ուկրաինայի ոստիկանությունը և արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Reuters-ի հարցմանը դեռևս չի արձագանքել։

Հուլիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելությունը Ուկրաինայում հայտնել էր, որ 2026 թվականի առաջին վեց ամիսներին խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 1,396 զոհ և 7,978 վիրավոր։ Դա 37 տոկոսով ավելի է, քան 2025 թվականին, և ավելի քան կրկնակի գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։

Մոսկվայի մեղադրանքը Կիևին

Ըստ Մոսկվայի՝ Ուկրաինան ևս ԱԹՍ-ներ և հեռահար հրթիռներ է գործադրում Ռուսաստանի դեմ, պնդում են, թե հարձակումներից շատերի հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել։

Երկուշաբթի Ռուսաստանը Ուկրաինային ահաբեկչության մեջ մեղադրեց, այն բանից հետո, երբ Սև ծովի Գելենջիկ հանգստավայրում յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա զոհվեց, ըստ իշխանությունների, ուկրաինական անօդաչուների դիտավորյալ հարձակման հետևանքով:

Ուկրաինացի պաշտոնյան իր հերթին հայտարարել էր, որ անօդաչուն Գելենջիկի լողափին էր ընկել միայն ռուսական հակաօդային պաշտպանության կողմից խոցվելու պատճառով՝ հավելելով, որ «Ուկրաինան իր զենքն օգտագործում է բացառապես ռուսական ռազմարդյունաբերական համալիրի և տնտեսական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ»։

Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը հերքում են, թե նպատակաուղղված հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևում և հարակից շրջաններում ռուսական հարվածներից տասնյակից ավելի զոհեր կան«Հեռու ենք պատերազմից, բայց զգում ենք հետևանքները»․ հայ վաճառողները՝ Wildberries-ի հարվածների մասինՌուսաստանը հայտարարում է ուկրաինական նավահանգիստների խոցման մասին Ուկրաինական դրոնները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներինՆովոռոսիյսկում ԱԹՍ-ն բեռնանավ է խոցել․ կան վիրավորներԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի