«Խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջականով». ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներին

Տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրաձայնելով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանի գործը՝ հայտարարել են. «Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով։ Խիստ անհանգստացած ենք այս միջադեպով, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար»:

Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը:

«Նա հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը ևս չի կարող այցելել նրան՝ տեսակցությունների արգելքի պատճառով։ Սա իրավիճակը դարձնում է հատկապես հրատապ՝ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասված է ՀԿ-ների հայտարարությունում:

Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին.

«Կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները»,- ասված է ՀԿ-ների տարածած հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անժամկետ նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով

Հայտարարությանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, Երևանի մամուլի ակումբը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը և մի շարք այլ ՀԿ-ներ:

Արթուր Օսիպյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Օսիպյանը բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչև «իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի»:

Արցախցի Արթուր Օսիպյանը թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:

Վարչապետը, սակայն, չի պատրաստվում ներողություն խնդրել արցախցի Արթուր Օսիպյանից. «Նա պիտի ներողություն խնդրի ու իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին, թվում է, որ մենք տենց միամի՞տ ենք», - ասել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հրաժարվում է ներողություն խնդրել Օսիպյանից. ըստ փաստաբանի՝ նրա «կալանավորումը անձնական վրեժխնդրություն է»Կալանավորված Օսիպյանը շարունակում է հացադուլը, վարչապետից պահանջում՝ ներողություն խնդրելՄեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը Վարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելիԴատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը