«Խլուրդների» հետքերով. Փաշինյանի հանձնարարականից 6 օր անց

Խուզարկություններ Լևոն Քոչարյանի տանը, 25-ը օգոստոսի, 2026թ.

«ժամացույցը գնում է, էդ ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրները չեղան, զանգվածային ազատումներ են լինելու». վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից 6 օր է անցել, սակայն իրավապահներն այդպես էլ չեն հայտարարել՝ արդյոք եղե՞լ է ինֆորմացիայի արտահոսք և ո՞վ է կանգնած դրա ետևում:

Անցած շաբաթ ԱԱԾ «Ալֆա» ջոկատի անդամներին և Քննչական կոմիտեի քննիչներին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները դիմավորել էին «Բարի գալուստ» գրությամբ պաստառով, ինչն ակնհայտորեն դուր չէր եկել Նիկոլ Փաշինյանին: Ավելին՝ Քոչարյանների տների ու բիզնեսների խուզարկությունից ժամեր առաջ «Իշխանություն» լրատվականը գրել էր Քոչարյանի ընտանիքի վրա սպասվող «ուժայինների գրոհի» մասին:

Պնդելով, որ գաղտնի տեղեկության արտահոսք է եղել՝ վարչապետ Փաշինյանը նախորդ շաբաթ պահանջեց իրավապահներից գտնել իր ձևակերպմամբ «խլուրդներին». «Ո՞վ է գիշերվա կեսին կամ նախորդ օրը զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում՝ «գալու են Ձեր տուն խուզարկության», գտնելու ենք ուտեչկա տվողներին և ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու»:

ԱԱԾ-ն հրաժարվում է խոսել

Արդյոք եղե՞լ է տեղեկատվության արտահոսք և արդյոք անցած 6 օրերին ԱԱԾ-ն արդեն գտե՞լ է կազմակերպիչներին, կառույցից հրաժարվում են պատասխանել՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Հարցումը երեկ ուղարկել ենք, դեռ պատասխան չենք ստացել:

«Դրանց խլուրդ են ասում, չէ՞, իրավապահ համակարգում, որ ներսից ինֆորմացիա է դուրս տալիս», - նշել է Փաշինյանը:

Քոչարյանի թիմից պնդում են՝ «արտահոսք» չի եղել

Նախկին նախագահ Ռոներտ Քոչարյանի թիմում, մինչդեռ, հերքում են պնդումները, թե որևէ ուժային կառույցից խուզարկության մասին նախապես իրենց տեղեկություն են փոխանցել:

Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը վստահեցնում է՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի նախընտրական ու հետընտրական ելույթները, ինչպես նաև վերջին օրերին խորհրդարանի ամբիոնից հնչեցված զգուշացումները, Քոչարյանները ու նաև ինքը, գրեթե ամենօրյա ռեժիմով են սպասել ուժայիններին:

ԱԱԾ-ն, ըստ փաստաբան Արամ Օրբելյանի, իրականում վաղուց է պարզել, որ քննիչների հատուկ գործողությունների մասին նախապես տեղեկացնողը հենց վարչապետն է եղել, ուղղակի ուժային կառույցը վախենում է Փաշինյանին այդ մասին ասել. «Ինքն է դրա մասին հայտարարում, ինքն է դրա մասին նամյոկներ տալիս, բաց տեքստով խոսում»:

ԱԱԾ նախկին տնօրենը արտահոսքին չի հավատում

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԱԱԾ-ն ղեկավարած Միքայել Համբարձումյանը, սակայն, քիչ հավանական է համարում, որ տեղեկատվության արտահոսք եղած լինի. «Անկեղծ ասած, արտահոսքի տեսանելի փաստ իմ համար տեսանելի չէ»:

Ավելի քան 20 տարի այդ կառույցում աշխատած գնդապետը նշում է՝ եթե որևէ մեկը ուժային այդ կառույցից գաղտնի տեղակատվություն ստանալու հնարավորություն ունի, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ անձը պետք է ամեն ինչ անի, որ իր աղբյուրներին քողարկի, չմատնի նրանց:

«Այստեղ, ինձ թվում է, մենք ավելի շատ գործ ունենք ոչ թե արտահոսքի հետ, այլ մի իրավիճակի հետ, որ պարզապես մեր երկրում այսպիսի վատ սովորույթ է ձևավորվել, որ երկրի ղեկավարը թիրախավորված ինչ-որ մեկի հասցեին սկսում է մեղադրանքներ հնչեցնել հրապարակային, դրանից հետո հաջորդում են ուժային գործողությունները: Իմ կարծիքով՝ միգուցե սա է պատճառը եղել, որ մարդիկ զգացել են կամ հասկացել են, որ իրենց տուն են այցելելու», - ասաց Համբարձումյանը:

«Արտահոսք կազմակերպածները պետք է խստագույնս պատժվեն». Միքայել Համբարձումյան

ԱԱԾ նախկին ղեկավարը միաժամանակ նշում է՝ եթե իսկապես պարզվի, որ ԱԱԾ-ից կամ Քննչական կոմիտեից արտահոսքի եղել է, ապա այն պետք է անհապաղ բացահայտվի և այդ արատավորի երևույթը պետք է ստանա շատ կոշտ գնահատական:

Ի դեպ, Միքայել Համբարձումյանն ասում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում նախկինում էլ եղել են տեղեկատվության արտահոսքեր, ընդորում, թե՛ քաղաքական և թե՛ անձնական դրդապատճառներով: Սակայն դրանք հայտնաբերվել են, և կան դատապարտված աշխատակիցներ:

Արդարացի համարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը՝ նախկին ԱԱԾ ղեկավարը միաժամանակ անթույլատրելի է համարում ցանկացած գաղտնի տեղեկատվության արտահոսք, այդ թվում՝ երբ վերջերս ԱԱԾ-ն իշխանական մամուլին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի օդանավակայանում գտնվելու կադրերը, ինչն, ի դեպ, Փաշինյանն արդարացրել էր. «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա այդտեղ: Իր տիրապետած ինֆորմացիան է՝ կուզի կարտահոսի, չի ուզի՝ չի արտահոսի»:

«Անթույլատրելի է, չպետք է փակ ծառայությունից արտահոսք լինի, եթե արտահոսքը տեղի է ունեցել, անկախ նրանից, ինչ շարժառիթով է եղել, պետք է անձը բացահայտվի և պատժվի», - ընդգծեց Համբարձումյանը:

Օպերատիվ ստորաբաժանումները կպարզեն «խլուրդներին»

ԱԱԾ նախկին տնօրենը, կողմ լինելով արտահոսք կազմակերպած անձանց խստագույնս պատժելու վարչապետի մոտեցմանը, միաժամանակ անթույլատրելի է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե մեղավորները չհայտանաբերվեն, ապա իրավապահ կառույցներում ում տեսնի՝ աշխատանքից ազատելու է:

Համբարձումյանի համոզմամբ՝ ԱԱԾ ներսում գործող ներքին անվտանգության վարչությունը և օպերատիվ ստորաբաժնումները, որոնք զբաղվում են հենց արտահոսքերի բացահայտմամբ, վաղ թե ուշ կտան այդ հարցի պատասխանը՝ եղե՞լ են «խլուրդներ», թե՞ ոչ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

70 հատոր, 60 քննիչ Ռոբերտ Քոչարյանի գործում. ինչպե՞ս է նախագահի ընտանիքը ձեռք բերել տասնյակ գույքերԿալանավորված Քոչարյանին պարզ չէ՝ որն է իր մեղքը. հիվանդանոցից՝ «ԿԳԲ բանտ»Ընդդիմության պնդմամբ՝ գործում է «Փաշինյանի բռնակալությունը», իշխանությունը մատնանշում է «Քոչարյանների միլիոնները»Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում է, կալանքի հարցը կքննի դատավոր Սարգիս Դադոյանը Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է. փաստաբան