Խամենեիի մահը լուրջ հարված է, բայց Իրանի իշխանության անկումը երաշխավորված չէ

Իրանում սգում են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը, Թեհրան, 1-ը մարտի, 2026թ.

Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը լուրջ հարված է Իրանի հոգևորական ղեկավարներին, սակայն փորձագետները նշում են՝ չկա որևէ երաշխիք, որ դա կհանգեցնի Իսլամական Հանրապետության վարչակազմի փլուզմանը։

Թեև Խամենեին գրեթե չորս տասնամյակ իր ձեռքում էր պահում Իրանի բարձրագույն իշխանությունը, երկրի հոգևորական համակարգը նախագծվել է այնպես, որ գերագույն առաջնորդի մահվան դեպքում ապահովվի շարունակականությունը։

86-ամյա Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին մայրաքաղաք Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա ավիահարվածից, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը օդային ռմբակոծությամբ թիրախավորել են Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարությանը։

«Չնայած հենց Խամենեին էր ավելի քան երեք տասնամյակ ձևավորում Իրանի քաղաքական հետագիծը, Իսլամական Հանրապետությունում ռեժիմը հիմնված չէ միայն անձների վրա», - ասել է Իսրայելում գործող Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Դեննի Ցիտրինովիչը։

Իրանի թեոկրատիան, որը իշխանության է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր, հենվում է քաղաքական, ռազմական և հոգևորական ինստիտուտների վրա, որոնք խորապես արմատավորված են և նախատեսված են ղեկավարության փոփոխություններին դիմակայելու համար, ասում են փորձագետները։

Այդ ինստիտուտների թվում են հոգևորականների կողմից ղեկավարվող քաղաքական վերնախավը, երկրի քաղաքական, ռազմական և տնտեսական կյանքում կարևորագույն դերակատարություն ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ինչպես նաև Պահապանների խորհուրդը, որը ազդեցիկ սահմանադրական մարմին է։

«Պատմությունը ցույց է տալիս, որ արտաքին հարձակման տակ գտնվող հեղափոխական համակարգերը հակված են համախմբվելու, այլ ոչ թե մասնատվելու», - ասում է Ցիտրինովիչը՝ հավելելով. - «Գերագույն առաջնորդի սպանությունը նույն հավանականությամբ կարող է հանգեցնել էլիտայի համախմբմանը և ավելի կոշտ դիրքավորմանը»։

Ժամանակավոր ղեկավարություն

Հարձակումը վերապրած Իրանի ղեկավարությունը, հավանաբար, արագ կնշանակի նոր գերագույն առաջնորդ՝ մտավախություն ունենալով, որ իշխանության վակուումը կարող է ապակայունացնել հոգևորական համակարգը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մարտի 1-ին «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ նոր գերագույն առաջնորդ կարող է ընտրվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում Փորձագետների ժողովի կողմից։ Իսլամական Հանրապետությունում այդ մարմինը պատասխանատու է գերագույն առաջնորդին ընտրելու և անվանապես վերահսկելու համար։

Մինչ այդ երկիրը պաշտոնապես կառաջնորդի ժամանակավոր կառավարող խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեյը և հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչ Ալիռեզա Արաֆին։

Ալիռեզա Արաֆի, արխիվ

Փորձագետների կարծիքով, սակայն, գործնականում Իրանը ղեկավարում է Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԳԽ), որը երկրի քաղաքականության մշակմամբ զբաղվող հիմնական մարմինն է։ Այդ կառույցն այժմ գլխավորում է Ալի Լարիջանին՝ փորձառու քաղաքական գործիչ, Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, ով հայտի էր Խամենեիի հետ սերտ կապերով և համարվում է երկրի պարգմատիկ առաջնորդներից մեկը։ Նրա ազդեցությունը Իրանում ընդլայնվեց Իսրայելի ու ԱՄՆ-ի՝ անցած տարվա հունիսյան 12-օրյա պատերազմից հետո։

Փորձագետների կարծիքով՝ մեկ այլ դեմք, որը, հավանաբար, ավելի կարևոր դեր կարող է խաղալ, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆն է։ Նա նույնպես փորձառու քաղաքական գործիչ է, ով կապեր ունի ԻՀՊԿ-ի հետ։

Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆ, արխիվ

Ո՞վ է լինելու հաջորդը

Խամենեիի սպանությունից հետո օրակարգի առաջին հարցը, թերևս, նրան փոխարինողի ընտրությունն է:

Պաշտոնապես, Փորձագետների ժողովն է ընտրում նոր գերագույն առաջնորդին։ Սակայն իրականում, մասամբ՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից շարունակվող հարձակումներից բխող գոյաբանական սպառնալիքի պատճառով, իրավահաջորդի ընտրությունը, հավանաբար, կվերահսկվի բարձրաստիճան պաշտոնյաների նեղ շրջանակի կողմից։

Ընտրությունը, հավանաբար, կբացահայտի այն ուղղությունը, որով Իրանը կշարժվի վերջին աննախադեպ իրադարձություններից հետո։ Խամենեիի օրոք Իրանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, աչքի ընկավ սեփական ժողովրդի դեմ ուժի կիրառմամբ և Արևմուտքի նկատմամբ խորը թշնամանքով։

«Եթե Խամենեիի սերնդի ավելի տարեց, կոշտ գծի հոգևորական ի հայտ գա, դա կլինի հստակ նշան, որ ռեժիմը կրկնապատկում է բռնաճնշումները և համախմբում մինչ օրս գործող վարչակազմի հենարանը», - ասել է Նյու Յորքում գործող Eurasia Group-ի Իրանի հարցերով վերլուծաբան Գրեգորի Բրյուն, հավելելով. - «Հնարավոր է, որ կընտրվի ավելի երիտասարդ և, հնարավոր է, բարեփոխական համբավ ունեցող մեկը, ինչը ազդանշան կլինի, որ նոր էջ է բացվում»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երրորդ օրն էԼարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետՊատերազմը կարող է տևել մեկ ամիս. Թրամփը հայտարարել է հարվածները շարունակելու մասինԽամենեիի մահը «քայլ է առաջ» և «հույս» Իրանի համար, ասում է նրա զարմիկըՓահլավի. Իրանցիները պետք է պատրաստվեն փողոցներում լայնածավալ և վճռական ներկայությանԻրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում. ԱրաղչիԻրանի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են գերագույն առաջնորդի հետքերով գնալԱլիռեզա Արաֆին՝ Խամենեիի ժամանակավոր փոխարինող ղեկավար խորհրդումԱՄՆ հետախուզությունն ամիսներով հետևել է Խամենեին. NYT Ակտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասին