Կաթողիկոսի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ըստ Մայր Աթոռի, սրբազանի գրավոր և բանավոր դիմումների հիման վրա: Ինքը՝ արքեպիսկոպոս Մկրտչյանը դեռ չի մեկնաբանել որոշումը, «Ազատությանը» միայն փոխանցեց, որ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:
Նա միացել էր վարչապետի հռչակած եկեղեցու բարենորոգման ծրագրին, Նիկոլ Փաշինյանի կեցավայրում ստորագրել հայտարարությունը:
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը առաջիններից էր, ում ներկայությամբ իր թեմում պատարագի ընթացքում զեղչեցին Կաթողիկոսի անունը: Դա վարչապետի պայմանն է՝ պատարագին մասնակցելուց առաջ. «Այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարագին աղոթում եմ մեր երկրի և մեր ժողովրդի համար»:
Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած արքեպիսկոպոս Մկրտչյանին, սակայն, Մայր Աթոռը պաշտոնանկ չէր արել Վայոց Ձորի թեմից, ի տարբերություն, օրինակ, Մասիսի թեմի ղեկավարի, որին եկեղեցին ոչ միայն հեռացրեց, այլև կարգալույծ հռչակեց: Բայց նա դիմադրում է, դատարանի որոշմամբ չի ազատում թեմում աշխատասենյակը, Կաթողիկոսն ու հոգևոր խորհրդի անդամներն էլ մեղադրյալի կարգավիճակ են ստացել դատարանի որոշումը չկատարելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքը լի է ոստիկաններով. Գևորգ եպիսկոպոսը չի ընդունում պաշտոնանկությունըՎերջին շրջանում վարչապետը չի թեժացնում Կաթողիկոսին հեռացնելու օրակարգը, գործողությունների մասին չի խոսում: Բայց չի էլ նահանջել, օրերս մարզային այցի ընթացքում քաղաքացիներից մեկի հարցը Գարեգին երկրորդի մասին զայրացրեց Նիկոլ Փաշինյանին. «Հայաստանի Հանրապետություն կաթողիկոս կլինի, ով կլինի, չի կարա Հայաստանի Հանրապետության դեմ գործի: կաթողիկոս չկա, Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ»:
Մայր Աթոռն իր հերթին հերթական անգամ, ըստ էության, հայտարարեց, որ Կաթողիկոսը չի հեռանալու: Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած հայտարարությունում կրկին շեշտվում է իշխանությունների կամայական, խտրական գործողությունների, եկեղեցականների նկատմամբ հալածանքների, շինծու մեղադրանքներով ազատազրկումների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի է ունեցել ԳՀԽ ժողովը. քննարկվել է եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը