Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով այսօրվա դատական նիստում դատավորը մերժեց տուժող Արման Սարոյանի՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը, որ նիստը դռնփակ անցկացվի:
Սարոյանը պնդում էր, որ իր դեմ ուղղորդված արշավ է անցկացվում, ստացել է մահվան սպառնալիքներ, ուստի միջնորդում է, որ նիստերին չմասնակցեն ոչ լրագրողներ, ոչ էլ այլ անձինք:
Կաթողիկոսի պաշտպանական թիմը հրապարակայնության սահմանափակմանն առարկեց:
Դատավորի որոշմամբ նիստը կանցկացվի դռնբաց:
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:
Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ: