Արդարադատության նախարարը Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն է ներկայացրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Այս մասին տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԲԴԽ մամուլի քարտուղարը։
ԲԴԽ-ից հայտնել են, որ հարցով նիստը կկայանա նոյեմբերի 16-ին։ Այլ մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ նիստի օրը միայն պարզ կլինի քննարկման թեման։
Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող էր անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկովԳարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: