Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. հրավեր դեռ չկա

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանին, 2-ը օգոստոսի, 2021թ.

Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կբացվի՞ հայրապետական օրհնությամբ, կաթողիկոսին հրավեր կուղարկե՞ն: Ազգային ժողովից լռում են: Մայր Աթոռից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահի դրությամբ հրավեր չեն ստացել:

Հայ առաքելական եկեղեցու հովվապետի օրհնությամբ են բացվել անկախ Հայաստանի Ազգային ժողովի առաջին նիստերը: Այդպես է եղել նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Մայր Աթոռը Փաշինյանին հորդորում էր հեռանալ: 2021-ի արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի նստաշրջանը մեկնարկեց Վեհափառի աղոթքով:

Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության մասին նշված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու կաթողիկոսը: Դրանից հետո պատգամավորները երդվում են: Իններորդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը սկսվում է օգոստոսի 2-ին:

Հրավեր կուղարկե՞ն կաթողիկոսին, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը այս հարցին ամբողջ օրը չպատասխանեց: Զանգերին էլ չարձագանքեց: Կաթողիկոսի օրհնության թեմայով չէին ուզում խոսել նաև ՔՊ-ականները, որ արձակուրդում են: Շատերը զանգերին էլ չպատասխանեցին:

Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում: Նախընտրական ծրագրով խոստանում է մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին 2-րդին: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին մեկ տարում: Քրեական գործեր հարուցվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռին սատարող եպիսկոպոսների դեմ: Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին՝ տարբեր մեղադրանքներով:

«Ազգային պառակտում է»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ մի քանի գումարման խորհրդարանում է պատգամավոր եղել, չի հիշում, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին կամ նախագահի երդմնակալությանը եկեղեցու առաջնորդը չլինի: Այս քայլով Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին պառակտելու օրակարգը, պնդում է պատգամավորը:

«Այս իշխանությունների օրակարգերից մեկն էլ ներազգային պառակտումն է՝ ոչնչացնել միասնության բոլոր հնարավոր օազիսները: Սա թիրախավորված թշնամական ձեռագիր է, ինչի ականատեսը մենք եղել ենք անցնող գոնե երեք տարիների ընթացքում», - ասաց Գալստյանը:

Մայր Աթոռի դեմ վարչապետ Փաշինյանի քայլերից պատգամավորը ենթադրում է, որ կաթողիկոսին հրավեր չեն էլ ուղարկի: Անկախ այդ ամենից՝ ընդդիմադիրները հայրապետական օրհնությունը կստանան Սուրբ էջմիածնում: