Կաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»

Հայկական պանիր, արխիվ

Ծանր դրության մեջ են հայտնվել Ռուսաստան կաթնամթերք արտահանող հայկական չորս խոշոր ընկերությունները։ «Ռոսսելխոզնադզոր»-ն օրերս հենց նրանց արտադրանքն էր վտանգավոր համարել ու այդ հիմքով սահմանափակել առհասարակ հայկական կաթնամթերքի վաճառքն իր երկրում։ Ծառայությունը պնդել էր, թե արտադրությունում օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ և չհաստատված ծագմամբ հումք։

Այս ընկերությունների ներկայացուցիչների հետ խոսել չի հաջողվում։ Մի մասը հրաժարվում է հարցազրույցից, մյուսներն առհասարակ չեն պատասխանում զանգերին։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն, հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի այս պնդումներն ու ընդգծել՝ ապացույցներ չկան։

«Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաեւ այլ երկրից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել», - ընդգծել է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը:

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը սա քաղաքական որոշում է համարում ու նշում՝ դեռ 2000-ականներից են ծանոթ «Ռոսսելխոզնադզոր»-ի այս գործելաոճին։

«Ճգնաժամի կարգավիճակը տվյալ կազմակերպություններում բավականին բարձր է, վնասները բավականին մեծ են։ Փոքր-ինչ քաղաքական տատանումների պարագայում «Ռոսսելխոզնադզոր» գործիքը օգտագործվել է, և տուժել է, իհարկե, բնականաբար, հայ գործարարը», - «Ազատությանը» ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «20 թվականի պատերազմից հետո մեզ համար ավելի ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի գործընթաց է սկսել, և ինչպես նախորդ ժամանակաշրջանում, այնպես էլ հիմա առաջնային կարևորություն ունեցող՝ Հայաստանից դուրս եկող ապրանքները, որի մեջ նաև մտնում են պանիրները, նույնպես հարվածի տակ են լինելու»։

Հայաստանի պանրագործների միության նախագահի խոսքով՝ հայկական արտադրողները դեռ 2000-ականներից են սկսել այլ շուկաներ փնտրել։ Այսօր թեև փոքր ծավալներով հայկական պանիրն արտահանվում է նաև Միացյալ Նահանգներ և արաբական երկրներ, սակայն ռուսական շուկայից կախվածությունն ամբողջությամբ հաղթահարել չի հաջողվել։

Այդ կախվածության մասին է վկայում, ի դեպ, նաև վիճակագրությունը։ ՄԱԿ-ի միջազգային առևտրի բազայի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 16.4 միլիոն դոլարի պանիր և կաթնաշոռ, որից մոտ 13.5 միլիոն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այսինքն՝ պանրի արտահանման եկամուտների ավելի քան 80 տոկոսը ձևավորվել է ռուսական շուկայի հաշվին։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ արտահանվել է մոտ 1.8 միլիոն, իսկ Վրաստան՝ շուրջ 671 հազար դոլարի պանիր։

«Կազմակերպություններից մեկը, անուն չեմ տալիս, ինքը տարեկան 150 տոննա պանիր էր արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա տվյալ կազմակերպությունը 150 տոննայի արտադրանքի վաճառքի խնդիր ունի», - նշեց Արմեն Գրիգորյանը:

ՄԱԿ-ի միջազգային առևտրի բազայի տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արժեքը վերջին տարիներին նվազման միտում ունի։ Եթե 2023-ին այն 19.8 միլիոն դոլար էր կազմել, ապա 2024-ին 19.5 միլիոնի է հասել, իսկ 2025-ին այս ցուցանիշը նվազել է մինչև 16.2 միլիոն դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում արտահանման արժեքը նվազել է շուրջ 18 տոկոսով։

Ռուսական շուկայից դուրս մնացած հայկական պանրի իրացման համար Հայաստանի պանրագործների միության նախագահն առաջարկում է պետական մակարդակով քննարկումներ սկսել բիզնեսի հետ՝ տեղական արտադրանքը խոշոր առևտրային ցանցերի տեսանելի դարակաշարերում ներկայացնելու համար։

«20 հազար տոննա սպառվող, սպառում ունեցող շուկայում, երբ նաև հաշվի ենք առնում տվյալ պահի 50 տոկոս կաթի դեֆիցիտը, շատ դժվար չի, որպեսզի լավ հումքով արտադրված պանիրները Հայաստանի Հանրապետությունում սպառեն։ Միակ խնդիրը, որ դա անմիջապես չի արվում առանց որևիցե մեկի օգնության և այլն, դա գինն է, որովհետև ինքը չի կարող էժան լինել, չի կարող պանրամթերքի նման ցածր գին ունենալ, իսկ մենք այսօր ունենք պանրամթերքի նման մի հատ չարիք մեր շուկայում», - նշեց Գրիգորյանը:

Ոլորտի հիմնական խնդիրներից մեկն, ըստ Հայաստանի պանրագործների միության նախագահի, կաթի հումքի պակասն է։ Գրիգորյանն ասում է՝ Հայաստանում նվազել է անասնագլխաքանակը, այսինքն՝ բավարար քանակի տեղական կաթ չկա։ Սա էլ սահմանափակում է արտադրության հնարավորությունները։ Խնդիրը լուծելու համար Էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է կովի անմշակ կաթ արտադրող տնտեսությունների աջակցության ծրագիր։ 3-ց 20 կով ունեցող տնտեսություններին կտրամադրվի 15 հազար դրամ աջակցություն յուրաքանչյուր կովի համար։ Նախարարությունից ասացին՝ ծրագիրը դեռ պայմանագրերի կնքման փուլում է, փոխհատուցում ստացածներ դեռ չկան, դրանք կհատկացվեն չորրորդ եռամսյակից:

Բայց պանիր արտահանողների համար պետական աջակցության առանձին ծրագիր այս պահին չկա, ինչպես դա նախատեսված է մի շարք այլ ոլորտների համար։

Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 52 միլիոն եվրոյի աջակցություն տնտեսության դիմակայունությունը բարձրացնելու, շուկայի դիվերսիֆիկացիայի համար։

Սակայն Հայաստանի պանրագործների միության նախագահի խոսքով՝ կաթնամթերքի ոլորտի համար եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է, քան, օրինակ, անգամ ծաղիկի դեպքում:

«Ինչի՞ պետք է ի վնաս, իրենց անվտանգության համար ի վնաս ինչ-որ որոշումներ ընդունեն: Անվտանգության խնդիր է, շատ կարևոր է դա հասկանալ, որ դա անվտանգության խնդիր է: Ծաղիկը անվտանգության խնդիր չի, ձուկը, ինչ-որ մի տեղ, դե ծովամթերք է, դա էլ առանձնապես, սննդամթերք է, բայց տենց առանձնապես չի տարածում անվտանգության... իսկ կաթը, կաթնամթերքը անվտանգություն է, մաքուր պրոտեին է», - ընդգծեց Գրիգորյանը:

Ռուսաստանի սահմանափակումները հայկական արտադրանքի նկատմամբ սկսվեցին գյուղատնտեսական ապրանքներից, իսկ ավելի ուշ տարածվեցին նաև կաթնամթերքի վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ է«Ռոսսելխոզնադզոր»-ը Իրանից պահանջում է դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը«Նոր ստանդարտից մինչև նոր շուկա եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա»Ձուկ չեն արտահանել, բայց 2 ձկնարտադրող ընկերություններ ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Բոնժուղ մսյո. հետո ո՞նց ասեմ՝ ծաղիկ ունեմ»․ փոքր ջերմոցատերերը նոր գնորդ են փնտրում324 ապրանքախումբ՝ առանց մաքսատուրքի. ինչ կշահի Հայաստանը Բրյուսելի առաջարկիցԼրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին. Լայեն