«Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին», - ասված է Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած ժողովի հայտարարությունում:
«Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում», - հայտարարում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ կայացած ժողովը:
Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ «իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ»։
«Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու ... Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ», - ասված է հայտարարությունում:
«Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով», - պնդում է Գերագույն հոգևոր խորհուրդը:
Հայաստանի նոր Կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։
Խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացրած վարչապետը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ առաջիկայում եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխություններ կլինեն: «Հիմա կառավարությունը ամենաուշը մի ամսվա ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, և ես առաջարկելու եմ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել ու արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: