Կառավարությունն առայժմ կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ձեռք բերելու առաջարկ չի արել, թեև ընդամենը մի քանի օրից լրանում է բանակցությունների համար նախատեսված եռամսյա ժամկետը:
Ընկերությունը լիցենզիայից զրկվեց անցած տարվա նոյեմբերին և եթե կողմերն այդպես էլ համաձայնության չգան՝ ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթաց կսկսվի. բանակցությունների բացակայության մասին հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀԷՑ-ին լիցենզիայից զրկած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Ժամանակահատվածը երեք ամսվա դեռ չի ավարտվել, առաջիկա օրերին կա՛մ մամուլով կիրազեկեն այդ մասին կառավարության պատկան մարմինները, կա՛մ կիմանանք, գաղտնի որևէ գործընթաց չկա: Այս պահին դեռ չենք կարող ասել՝ ինչպիսին կլինի ելքը, որովհետև էդ առաջարկությունը որպես այդպիսին դեռ ժամանակ կա, չի եղել, եթե չեն համաձայնի, դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով՝ օրենքի այդ կետով կշարունակվի ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի օտարման, իրավունքի փոխանցման հարցը», - ասաց Մեսրոպյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ փուլում են ՀԷՑ-ի շուրջ զարգացումները. մանրամասնում են վարչապետն ու նախկին տնօրենըՀանրային գերակա շահ ճանաչելու դեպքում Էլ Կարապետյաններին պետք է փոխհատուցում տրամադրել: Թե որքան՝ գործադիրը մինչ այս պահը թվեր չի հրապարակել. այն կարող է մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնել. անկախ աուդիտորական եզրակացությամբ նախանցած տարեվերջին ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է գնահատվել՝ չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները:
Փորձագետներն անցնող ամիսներին ընդգծում էին՝ այս գումարը մնալու է Հայաստանի քաղաքացիների ուսերին: Կարապետյանների թիմից էլ արձագանքում են՝ մի քանի հարյուր միլիոն հարկատուների հաշվից կվճարեն սեփականատիրոջը:
Վարչապետը միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությանը զուգահեռ հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցերն ազգայնացնելու մասին. Փաշինյանը ՀԷՑ-ի պետականացման մասին սկզբում շատ կտրուկ էր արտահայտվում, հետո, սակայն մեղմեց հռետորաբանությունն ու հայտարարեց, թե կառավարությունը գնելու հարցը կքննարկի, եթե «գինը տրամաբանական լինի», հակառակ դեպքում կփորձեն մասնավորի ներգրավել:
«Բոլոր դեպքերում պետք ա վճարի ՀԷՑ-ին, բայց ո՞վ: Մի սցենարի դեպքում՝ Կառավարությունը, մյուս սցենարի դեպքում՝ նա, ով ձեռք կբերի, որովհետև, ըստ էության, անուղղակիորեն կստացվի, որ ձեռք է բերում, իհարկե՝ Կառավարության միջամտությամբ, բայց ձեռք է բերում մյուս ընկերությունը», - ասել է Փաշինյանը:
Արդյոք բավարար միջոցներ ունեցող մասնավոր ընկերությունների հետ բանակցություններ վարվո՞ւմ են. գործադիրը մինչ այս պահը փակագծեր չի բացել: