«Կառաջարկենք, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը Սահմանադրությունից դուրս գա». Իոաննիսյան

Նոր Սահմանադրության տեքստը հասել է իշխող կուսակցության վարչություն։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ ՔՊ-ի քարոզարշավի ակտիվ մասնակիցներից է, երեկ այն ներկայացրել է թիմակից պատգամավորներին: Ի՞նչ են ասել ՔՊ-ականները, որևէ առաջարկ արե՞լ են, փոփոխվող դրույթների հետ կապված ինչ կարծիք են հայտնել: Քննարկումից բովանդակային ոչ մի հաղորդագրություն:

Արդյոք իշխող թիմում քննարկել են Սահմանադրության նոր նախագծի ամենաաղմկահարույց՝ նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը: «Ես խմբակցության կարծիքը չեմ կարող հայտնել և առանձին գործընկերների կարծիք չեմ կարող հայտնել, ես իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել»,- վարչության անդամներից Հասմիկ Հակոբյանը հրաժարվեց փակ քննարկման փակագծերը բացել: Խոսեց իր դիրքորոշման մասին.

«Եթե անգամ վերջնական տեքստում, կամ հրապարակվող տեքստում, որը կլինի աշխատանքային փաստաթուղթ, կլինի գործող Սահմանադրության նման հղում Անկախության հռչակագրին, իմ անձնական կարծիքը, որը բազմիցս նաև հայտնել եմ, ևս մեկ անգամ կպնդեմ, այն է, որ այդ պատմական իրողությունը, որը եղել և անցել է, չպետք է նորից տեղ գտնի որևէ նոր փաստաթղթում, հատկապես Սահմանադրությունում և հատկապես այն օրակարգերի իրողության դեպքում, որը մենք հռչակել ենք»,- ընդգծում է ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Սահմանադրության տեքստը մարտին կհրապարակվի, թե ոչ, որոշված չէ. փոխնախարար

Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին, Բաքուն է պահանջում, որ Հայաստանի Մայր օրենքից այս նախաբանը հանվի, որքան էլ վարչապետ Փաշինյանը ադրբեջանցի գործընկերներին հավաստիացնում է, թե տարածքային նկրտումներ չունի, Ադրբեջանը չի նահանջում. Բաքվի համար Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է։

«Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի Մայր օրենքին, և այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա փոխըմբռնում». Ալիևը՝ ՀՀ Սահմանադրության մասին

Նիկոլ Փաշինյանը, որ սկզբում այլաբանորեն էր փորձում բացատրել գործող Սահամանադրությունից բխող վտանգների մասին, ամիսներ առաջ ուղիղ հայտարարեց՝ Անկախության հռչակագիրը չպետք է լինի նոր Սահմանադրությունում։

«Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»,- վարչապետի այս ուղիղ հայտարարությունից հետո էլ Սահմանդրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը հռչակագիրը հանել-թողնելու հարցում դիրքորոշում չի հայտնում: Խորհրդի օրակարգ էլ դեռ այս հարցը չի հասել: Ե՞րբ կհասնեն դրան, անդամներից Դանիել Իոաննիսյանն ասաց՝ դեռ պարզ չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին

Խորհրդում քաղաքացիական հասարակությունից Արթուր Սաքունցն է դեմ, որ ինչպես ինքն է ձևակերպել՝ Հայաստանի ծննդականը պետության Մայր օրենքից հանեն։

Դանիել Իոաննիսյանը ասում է, թե այս հարցը չի կարևորում ու իր համար միևնույն է կլինի, թե ոչ: Ինքը դեմ է նաև, որ նոր Սահմանադրությունում Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը նշվի:

«Ներողություն, Մեսրոպ Մաշտոցն ավելի մեծ բացառիկ պատմական դեր կարող է ունի։ Դա չի նշանակում, պետք է Մեսրոպ Մաշտոցին էլ հիշատակենք»,- ասում է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։

Մայր օրենքում ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Դանիել Իոաննիսյանն ասում է. «Ուղղակի ամրագրվի, որ եկեղեցին պետությունից անջատ է, ինչը նշանակում է, որ եկեղեցին պետության գործերին չի խառնվում»։

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Փաշինյանի իշխանությունը, ըստ Իոաննիսյանի, այս առաջարկին կողմ չէ, ենթադրում է կդիմադրեն, բայց, այդուհանդերձ, խորհրդում կառաջարկեն այս փոփոխությունը. «Իշխանությունները ենթադրում եմ, որ չեն ուզում եկեղեցու հետ կապված սահմանադրական ձևակերպումները ներկայիս ձեռք տան, բայց մենք՝ քաղհասարակությունը, կարծում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը Սահմանադրությունից պետք է դուրս գա։ Որովհետև երբ մնում է բացառիկ դերը, դա խնդիր է կրոնական ազատությունների տեսանկյունից»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Իոաննիսյանը։

Իսկ ի՞նչ կարևոր հարցեր են քննարկել մինչև հիմա։ Հեղափոխական փոփոխություններ չկան, ասում է Իոաննիսյանը, նրա փոխանցմամբ խորհրդարանի դերն է կարևորվել. «Էապես խորհրդարանականացում է տեղի ունեցել»։

Վարչապետը հանձնարարել է, որ նոր Սահմանդրության նախագիծը մինչև 2026-ի ավարտը պատրաստ լինի, տեքստն էլ, ըստ Արդարադատության նախարարի, պիտի այս ամիս պատրաստ լինի։ Առջևում խորհրդարանական ընտրություններ են, Սահմանադրությունը կփոխվի, թե՞ ոչ, կախված է ընտրությունների արդյունքից, որպեսզի բանը հասնի հանրաքվեին, պետք է Ազգային ժողովի 2/3-րդ-ը կողմ քվեարկի, ձայների պարզ մեծամասնությունը բավարար չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսեց նիստերը. դրանք այսուհետ կանցկացվեն ակտիվ ռեժիմովՆոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին. ինչ է քաղաքացիներին հայտնի նոր փաստաթղթիցԺամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ. ԳալյանՎարչապետի գլխավորությամբ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստում ի՞նչ է քննարկվելՀենց Անկախության հռչակագիրը չլինի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Ալիև