Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Կանադայի համար Եվրամիության «ասոցիացված անդամի» կարգավիճակ ստեղծել։ Եթե առաջարկն իրագործվի, Կանադան կարող է դառնալ այդ կարգավիճակն ունեցող առաջին երկիրը։
Ֆոն դեր Լայենն այս մասին հայտարարել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում իր ամենամյա ուղերձում։ Դահլիճում ներկա էր նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Թե կոնկրետ ինչ իրավունքներ ու պարտավորություններ է ենթադրելու «ասոցիացված անդամի» կարգավիճակը, դեռ հստակեցված չէ։ Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի՝ նպատակն է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի՝ առանց ԵՄ լիիրավ անդամակցության։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունն ու Կանադան պատրաստվում են ավելի սերտ համագործակցել պաշտպանության, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, էներգետիկայի, կարևոր հումքի, մատակարարման շղթաների և Արկտիկայի հարցերում։
«Մենք աշխարհին նույն կերպ ենք նայում՝ արհեստական բանականությունից մինչև կլիմայի փոփոխություն, Արկտիկայից մինչև աշխարհաքաղաքականություն», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով նաև Ուկրաինայի և պաշտպանության հարցերում կողմերի համագործակցությունը։
ԵՄ-ի և Կանադայի մերձեցումը տեղի է ունենում Վաշինգտոնի ու Օտտավայի հարաբերությունների լարվածության և ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունների ֆոնին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի հետ «յուրահատուկ դաշինք» ձևավորելու ցանկության մասին։