Կանադան համաձայնել է Կիևին 350 միլիոն կանադական դոլարի (մոտ 252 մլն ԱՄՆ դոլար) օգնության փաթեթ տրամադրել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ) ձեռք բերելու համար, հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին։
Կիևն այս պահին ԱՄՆ-ում արտադրված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի պաշարների կարիք ունի, որոնք կօգնել դիմակայել Ռուսաստանի բալիստիկ հրթիռային հարձակումների:
«Քանի որ Ռուսաստանը սրում է իր օդային բարբարոսական պատերազմը՝ անխտիր թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Ուկրաինայի օդային պաշտպանությունը կարևորագույն նշանակություն ունի», - Կալգարիում լրագրողներին ասել է Քարնին։
«Այսօր ավելի վաղ Կանադան և Ուկրաինան ավարտին հասցրին կարևորագույն հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համաձայնագիրը... 350 միլիոն կանադական դոլարի սարքավորումների այս փաթեթը կօգնի պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին, ենթակառուցվածքները և երկինքը», - հավելել է նա։
Քարնին, սակայն, մանրամասներ չի հայտնել, թե կոնկրետ ինչ զինատեսակներ կմատակարարվեն կամ երբ կսկսվի օգնության մատակարարումը։ Սպառազինությունը կտրամադրվի ԱՄՆ ծրագրի միջոցով, որը թույլ է տալիս երրորդ երկրներին արագ գնել և Ուկրաինային մատակարարել զենքեր, ինչպիսիք են Patriot հրթիռները։
«Շնորհակալություն եմ հայտնում այս փաթեթի համար։ Այն չափազանց կարևոր է, հատկապես հիմա», - ասել է Զելենսկին։
Կանադան, որը Ուկրաինայի ամենաակտիվ պաշտպաններից մեկն է, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից ի վեր ընդհանուր առմամբ տրամադրել է 25,5 միլիարդ կանադական դոլարի օգնություն, այդ թվում՝ 8,5 միլիարդ կանադական դոլարի ռազմական օգնություն։
Քարնին նաև հայտնել է, որ Կանադան նպատակ ունի ավելացնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որպեսզի հաջորդ երկու տարիներին կարողանան միլիոնավոր անօդաաչուներ արտադրել: Դրանց մեկ երրորդը կտրամադրվի Ուկրաինային, ասել է նա:
Զելենսկին էլ ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ տեխնոլոգիաներ և ֆինանսավորում՝ բավարար քանակությամբ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար, որպեսզի կարողանա հետ մղել Ռուսաստանի զանգվածային հարձակումները:
Հինգշաբթի ստորագրված համաձայնագրերի շրջանակում Կանադան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին կտրամադրի գրեթե 435 միլիոն կանադական դոլարի (325 մլն ԱՄՆ դոլար) վարկային նոր երաշխիք՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար, հատկապես ձմռանը: