Ազգային ժողովի նախագահի «շան լակոտ, լածիրակ» արտահայտություններին եթերում պատասխանելուց հետո մեղադրյալի աթոռին հայտնված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ ևս երեք ամիս: Առաջին դատական նիստին դատավորը բավարարեց դատախազի՝ կալանքը երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին:
«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ, և իմ պահանջը էս իրական... ոչ մեկը չասի չէ, թող չասեն նրանք, ովքեր կզում են, երբ որ իրենց մի թեթև վախ է լինում իրենց բռնելու», - ասաց նա:
Ընդդիմադիր հաղորդավարներն իրենց հաղորդման եթերից հնչած արտահայտությունների համար արդեն երկրորդ անգամն են կանգնում դատարանի առջև:
Երկու ամիս առաջ ԱԺ նախագահն ընդդիմադիր հայացքներով հաղորդավարներին անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանց հարցազրույցից հետո: Ալեն Սիմոնյանը քննադատել էր Սերժ Սարգսյանին, հետո էլ վիրավորանքներ ուղղել հաղորդավարների հասցեին: Նրանք էլ մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին: Ալեն Սիմոնյանը շտապել էր բողոքել իրավապահներին:
«Ես քֆուր չտամ, ինձ վերջին վիրավորանքն ասեն, սա ստորացում չի է, ու ես հայտնվեմ մեղադրյալի աթոռին, մեղադրյալի աթոռի չէ է, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում», - այսօր նշեց Սամսոնյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղադրանք Ալեն Սիմոնյանի վիրավորանքին հակադարձելու համարՍրանից երկու օր հետո ԱԱԾ-ն վաղ առավոտյան ձերբակալել էր ընդդիմադիր հաղորդավարներին, Քննչականն էլ՝ մեղադրանք առաջադրել: Իրավապահները, սակայն, նույն փութաջանությունը չդրսևորեցին Ալեն Սիմոնյանի դեպքում: Ընդդիմադիր հաղորդավարներին ԱԱԾ ուժերով տնից դուրս էին բերել, ապա ձեռնաշղթաներով, կռացած քարշ տվել դեպի ավտոմեքենաները:
«Ես չեմ մոռանալու իմ նկատմամբ տեղի ունեցած այդ ակնհայտ, բացահայտ ապօրինի խայտառակությունը՝ ուղեկցված իմ երեխեքին ահաբեկելով, իմ տուն մտնելով», - շեշտեց նա:
Մեղքը չընդունող Սաղաթելյանն ու Սամսոնյանն առաջին դատական նիստին հայտարարեցին՝ դատվում են իրենց խոսքի համար:
«Այս երկրում տեղի է ունենում խայտառակություն, անգամ Եվրոպայի խորհրդի հայտնի կառույցը՝ ամենաբարձր կառույցներից մեկն է Եվրոպայի, լրագրողների մասին այս իշխանություններին ասել է՝ արագ մեզ պատասխանեք՝ այս տղերքին ինչի՞ եք բռնել ու հնարավորինս արագ բաց թողեք այդ մարդկանց։ Չի կարելի խոսքի համար մարդուն տանել, փակել, հետն էլ կալանավորել», - նշեց Նարեկ Սամսոնյանը:
Դատախազ Հայկ Ավետյանը, սակայն, պահանջելով երկարացնել մեղադրյալների կալանքը՝ պնդեց՝ կան բոլոր հիմքերը, որ ազատության մեջ նրանք նորից հանցագործություն կկատարեն, կփորձեն թաքնվել կամ էլ կազդեն վկաների վրա. «Հիմքը, այդ ռիսկը առկա է և բարձր է այնքանով, որ Վազգեն Սաղաթելյանն ազատության մեջ մնալու պարագայում, բնականաբար, կփորձի միջոցներ ձեռնարկել, որպեսզի գործով ներգրավված վկան, մասնավորապես, որ, ըստ էության, ցուցմունք է տվել, այդ ցուցմունքի բովանդակությունը առնվազն պաշտոնական կողմի դեմ է, այսինքն՝ իրենց դեմ է մեղադրյալների»:
Դատախազը նաև ընդգծեց՝ Վազգեն Սաղաթելյանը Ռուսաստանի քաղաքացի է և եթե ազատ արձակվի, կա ռիսկ, որ կլքի երկիրը: Սաղաթելյանը հակադարձեց. «Դա ինձ համար ամոթալի է, որ ես փախնեմ այս երկրից, 8 տարի է՝ պայքարում եմ այս ամեն ինչի դեմ, հիմա փախնե՞մ, դա բացառված բան է»:
Մեղադրյալները պնդեցին՝ այդ մեկ վկան իր ցուցմունքում ընդգծել է, որ հաղորդումը չի նայել: Ավելին՝ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ ՔԿ-ն փորձել է իր դեմ ցուցմունքներ ստանալ իր գործընկերներից, ինչը, սակայն, ձախողել է:
Իր հերթին դատախազն ընդգծեց, որ երկու մեղադրյալները նախորդ քրեական գործի ժամանակ կալանքից ազատ արձակվելուց հետո նորից հանցանք գործեցին: Հայկ Ավետյանը նկատի ուներ ավելի վաղ հարուցված մի գործ, որն էլի «Իմնեմնիմի» եթերում հնչեցրած արտահայտությունների հետքերով էր: Նրանք, սակայն, այս գործով արդարացվել են, թեև դատախազության բողոքարկման արդյունքում որոշումը դեռ ուժի մեջ չի մտել:
Առաջին դատական նիստից առաջ Սամսոնյանի ու Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները նրանց նկարներով, պաստառներով հավաքվել էին դատարանի բակում՝ աջակցելու ճաղերից այն կողմ գտնվող փոդքասթերներին: