Իսրայելը Խամենեիին հետևել է ճանապարհային տեսախցիկների միջոցով. FT

Իրանում սգում են գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը, Թեհրան, 1-ը մարտի, 2026թ.

Իսրայելը այաթոլլա Ալի Խամենեիին հետևել է Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների միջոցով, որոնք «գրեթե բոլորը» մի քանի տարի առաջ հաքերային հարձակման ժամանակ «կոտրվել» էին: Դրանցից ստացվող պատկերները կոդավորվել և փոխանցվել են Թել Ավիվի և Իսրայելի հարավում գտնվող սերվերներին, գրում է Financial Times-ը՝ երկու աղբյուրի հղումով:

Տեսախցիկների բովանդակությանը հասանելիություն ստանալը բազմամյա հետախուզական արշավի մաս է եղել, որը հնարավորություն է տվել նախապատրաստել Իրանի գերագույն առաջնորդի սպանության գործողությունը։

Թերթի տվյալներով՝ իսրայելական հետախուզական ծառայությունները մշտական հսկողություն են սահմանել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների վարորդների և թիկնապահների նկատմամբ Պաստյորի փողոցի տարածքում, որտեղ գտնվում էր Խամենեիի նստավայրը։

Տեսախցիկներից մեկի դիտանկյունը հատկապես «հաջող» է եղել գործողության համար. այն հնարավորություն է տվել տեսնել, թե որտեղ են անվտանգության աշխատակիցները կայանում իրենց անձնական մեքենաները: Սա, իր հերթին, իսրայելական հետախուզությանը թույլ է տվել ուսումնասիրել փակ և խիստ պահպանվող օբյեկտի առօրյա կյանքը:

Ալգորիթմների միջոցով հետախուզական գործակալությունները տարիներ շարունակ կազմել են իրանցի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ «դոսյեներ»։ Դրանք ներառել են նրանց տների հասցեները, նրանց աշխատանքային ժամերը, տեղաշարժի երթուղիները և ամենակարևորը՝ տեղեկություններ այն մասին, թե ում էին նրանք պաշտպանում և տեղափոխում։

Տեսախցիկների և հեռախոսային ցանցերի վերլուծության շնորհիվ հետախուզությունը կարողացել է բարձր ճշգրտությամբ որոշել, որ Խամենեին շաբաթ առավոտյան իր գրասենյակում կլինի երկրի բարձրագույն ղեկավարության մյուս անդամների հետ միասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեիի մահը լուրջ հարված է, բայց Իրանի իշխանության անկումը երաշխավորված չէԱՄՆ հետախուզությունն ամիսներով հետևել է Խամենեին. NYT Իրանը հայտնում է մի քանի պաշտոնյայի մահվան մասինԻրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ Խամենեին սպանված էԹրամփ. Խամենեին սպանված է