Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատել

Իսրայելը հարված է հասցնում Լինանանի հարավում, 19-ը հունիսի, 2026թ.

Շվեյցայրիայում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հետաձգումից ժամեր անց Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատել, որը պետք է սկսվեր տեղական ժամանակով ժամը 16:00-ին, Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։

Մինչ այդ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանում Իսրայելի բանակի գործողությունների հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ, վիրավորվել ավելի քան 30-ը: «Հեզբոլա»-ի պատասխան հարվածներից իսրայելցի չորս զինվոր էր սպանվել:

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը սպառնացել էր ամբողջ Լիբանանը հրի մատնել: Վարչապետ Նեթանյահուն էլ զգուշացրել էր՝ Իսրայելը չի հանդուրժի իր զինվորների կամ տարածքի վրա հարձակումներ: «Հեզբոլա»-ն շատ ծանր գին կվճարի դրա համար, սպառնացել էր նա:

«Հեզբոլա»-ն էլ խոստացել էր պաշտպանել Լիբանանի տարածքն ու ժողովրդին Իսրայելի հարձակումներից՝ Թել Ավիվին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի բանակը կմնա Լիբանանում «այնքան, որքան անհրաժեշտ է». ՆեթանյահուԻսրայելցի նախարարը սպառնացել է «ամբողջ Լիբանանը» հրի մատնել ԱՄՆ-ն պետք է ճնշի Իսրայելին՝ Լիբանանում պատերազմը դադարեցնելու համար. ԲարոԻսրայելը մահացու հարվածներ է հասցրել Լիբանանին

Ու մինչ Լիբանանում հայտարարվում է հրադադարի մասին, անորոշություն կա ԱՄՆ-Իրան բանակցությունների շուրջ: Սպիտակ տնից պարզաբանել էին, թե Շվեյցարիա ամերիկյան պատվիրակության այցը հետաձգվել է «լոգիստիկ» խնդիրների պատճառով։ Մինչդեռ ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանն էր ի սկզբանե հետաձգել իր պատվիրակության այցը՝ Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Լիբանանում պատերազմի դադարեցումն ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասն է: Էսմայիլ Բաղային զգուշացրել էր՝ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր շահերը, անվտանգությունը և դաշնակիցներին պաշտպանելու համար:

Բաղային նաև դատապարտել էր հուշագրի ստորագրումից հետո Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները և զգուշացրել՝ դրանք հետևանքներ կունենան տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար, ինչի ուղիղ պատասխատուն ԱՄՆ-ն կլինի:

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն Reuters-ին ասել է, որ Իրանն իր բանակցային խմբին տեղեկացրել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն կարող շարունակվել առանց համապարփակ զինադադարի:

Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանն է հուսահատությունից դրդված բանակցությունների նստել, ոչ թե Միացյալ Նահանգները:

Պատերազմը թուլացրել է Իրանը ... Նրանք ոչ մի տարբերակ չունեն: Մենք կօգտագործենք այդ 60-օրյա ժամկետը։ Նրանք ոչ մի կոպեկ չեն ստանա, ոչ մի ցենտ», - պնդել է ԱՄՆ նախագահը:

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մինչ այդ հայտարարել էր՝ Վաշինգտոնի հետ բանակցությունները կընթանան միայն Թեհրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում։ IRNA գործակալությանը նա ասել էր, որ Իրանը հաստատակամ է՝ ապահովելու իրանական ժողովրդի շահերը:

«Եթե թշնամին փորձի անցնել թույլատրելի սահմանները, մենք արդեն ապացուցել ենք, որ մատը ձգանի վրա ենք պահում, և որևէ երկմտանք չունենք թշնամուն ջախջախիչ պատասխան հասցնելու հարցում», - ասել է Ղալիբաֆը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս զգուշացրել էր՝ Իրանի իրավունքների ցանկացած խախտում կհանգեցնի ռազմական ավելի ուժեղ պատասխանի:

ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, դիտողություն էր արել հուշագիրը քննադատող իսրայելցիներին՝ հիշեցնելով, որ Իսրայելը պաշտպանելու նպատակով կիրառված զենքի մեծ մասն ամերիկյան է, որոնց համար ամերիկացի հարկատուներն են վճարել: Ջեյ Դի Վենսը նաև ասել էր, որ համաձայնագրի նպատակներից մեկը Լիբանանին հնարավորություն տալն է, որ ինքը վերահսկի երկրի հարավը, այլ ոչ թե «Հեզբոլա»-ն:

«Եվ, ի վերջո, մենք ուզում ենք, որ Լիբանանի կառավարությունը ... կարողանա վերահսկել Հարավային Լիբանանը, որպեսզի «Հեզբոլա»-ն չգրավի երկիրը, որպեսզի իսրայելցիները սպառնալիքի տակ չլինեն և չհարձակվեն ոչ Հարավային Լիբանանի, ոչ էլ Բեյրութի վրա», - նշել էր ԱՄՆ փոխնախագահը:

Չնայած բանակցությունների հետաձգմանը, որոնց պետք է մասնակցեր Ջեյ Դի Վենսը, դրական տեղաշարժ կա Հորմուզի շուրջ՝ նեղուցով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է: Իրանը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում նեղուցով երթևեկության ապահովման ծախսերն ինքը կհոգա, սակայն նեղուցն անցնել ցանկացող նավերը պետք է նախապես դիմում ներկայացնեն:

Իրանի Պարսից ծոցի նեղուցի վարչությունը, որն զբաղվում է նեղուցի համակարգմամբ, հայտարարել է, որ նեղուցով անցնելու համար դիմումները նավերը պետք է ներկայացնեն ժամանումից առնվազն 48 ժամ առաջ։ Ոչ պաշտոնական խողովակներով ուղարկված դիմումները չեն դիտարկվի:

Այս լուրերի ֆոնին նավթի գինը շարունակում է նվազել, Brent տեսակի գինը հասել է 78 դոլարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ են հետաձգվել ԱՄՆ-Իրան բանակցությունները ՇվեյցարիայումԻրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. ՂալիբաֆՎենսի այցը Շվեյցարիա հետաձգվում է110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել էՀրապարակվել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի 14 կետանոց տեքստըՊատմական փաստաթուղթ և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի մասին