Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Լիբանանը հրի կմատնեն, այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարեց, որ Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի հետ մարտերի ժամանակ իսրայելցի չորս զինվոր է զոհվել։
«Ամենայն հարգանքով ամերիկացիների նկատմամբ՝ Իսրայելը պետք է ամբողջ աշխարհին հստակեցնի, որ մեր որդիների արյունը և մեր քաղաքացիների անվտանգությունը չեն զոհաբերվի։ Ամբողջ Լիբանանը պետք է այրվի»,- սոցցանցում գրել է նախարարը:
«Ես վարչապետին [Բենիամին Նեթանյահուին] ասել եմ նույնիսկ մեր մասնավոր հանդիպումների ժամանակ. իսրայելցի մոր յուրաքանչյուր արցունքի համար հազարավոր լիբանանցի մայրեր պետք է լաց լինեն»,- գրել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում անհրաժեշտ է արմատախիլ անել ահաբեկչությունը:
Լիաբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով գիշերը զոհվել է առնվազն 18 մարդ, մի քանիսը վիրավորվել կամ անհետ կորել են: