Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ափսոսում Բելառուսին քննադատող իր հայտարարության համար, որից հետո Մինսկը արտգործնախարարություն կանչեց Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ու «հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված» բողոքի նոտա փոխանցվեց։
«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր քաղաքական ինքնիշխանության մակարդակը բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ», այսօր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց հայ-բելառուսական հարաբերությունների թեմայի վերաբերյալ հարցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստանը ծայրագավառ չի լինելու». Ալեն Սիմոնյանն արձագանքեց Բելառուսի հետ հարաբերությունների թեմայինԱլեն Սիմոնյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում «քաղաքական օպերացիայի» փորձ է տեղի ունենում։
«Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում։ Մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ։ Ասում են՝ հիմա ձեզ մոտ ինտերնետը բա՞ց է... Մենք էդ ինտերնետում մեր ռուբլիով էնքան գովազդ կառնենք, որ ամենը մերը կլինի։ Չի լինելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետությունը սարքեն գուբերնիա, մենք չենք ղեկավարվելու Բելառուսի պես», նշել է ԱԺ նախագահը։
Խորհրդարանի խոսնակը Հանրայինի եթերում Մինսկի վրդովմունքը հարուցած հայտարարությունն անցած շաբաթ էր արել։
Բելառուսից, նախ, ԱԳՆ խոսնակն արձագանքեց՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները որակելով «մաքուր նախընտրական պոպուլիզմ ու սեփական ընտրողներին ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու փորձ»։ Նրա խոսքով՝ Բելառուսը ինքնիշխան երկիր է, որը «հպարտանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բելառուսի ԱԳՆ-ն ՀՀ դեսպանին բողոքի նոտա է հանձնել«Երբ աղքատությունը հատել է 40 տոկոսի սահմանը, աճում է գործազրկությունը, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակավորումներով վարժանքներ անելն է։ Ուշ թե շուտ Հայաստանի ղեկավարությունը ականջ կդնի առողջ բանականությանը և կվերադառնա Բելառուսի հետ կառուցողական երկխոսությանը», ասաց Ռուսլան Վարանկովը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի բնակչության մոտ 22 տոկոսն է աղքատ։
Ալեն Սիմոնյանի խոսքով. «Իրենք ուրիշ մոլորակում են ապրում։ Ինձ թվում է, այնտեղ ուրիշ կանոններ են գործում, ուրիշ մաթեմատիկա է գործում... Չգիտեմ, ես չեմ կարող այլ իրականություն մեկնաբանել։ Միգուցե ուրիշ տեղ, ուրիշ բան են մտածում։ Դուք գիտեք, չէ՞ մեր աղքատության թվերը։ Հրապարակված է դա։ Ինչ ներքին ճգնաժամ։ Մի համերգից մյուս համերգին ենք գնում, մի մարդուն դիմավորելուց հետո՝ մյուսին դիմավորելու ենք գնում, մի պետության հետ փաստաթուղթ ստորագրելուց հետո՝ մյուսի հետ ստորագրելուն ենք գնում... Երկրի ղեկավարը, կարծում եմ, նախևառաջ պետք է իր երկրի մասին մտածի, իր երկրի ներքին կայունության մասին մտածի, խոսքի ազատության, քաղաքականության ազատության մասին մտածի»։
ԱԺ նախագահն ընդհանրապես սխալ է համարում, որ Հայաստանը իր շահերն առաջ տանելու համար միշտ պտտվի ու նայի, թե Ռուսաստանը հանկարծ չնեղսրտի։
Թեման բացվեց Երևանում Մոսկվայի հասցեին եվրոպական լիդերների հնչեցրած քննադատության մասին հարցից, թե արդյոք դա ավելի չի բարդացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։
«Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, և ԿԸՀ-ն դեռևս արդյունքները չհայտարարած՝ Ռուսաստանն արդեն շնորհավորել է, այստեղ նշանակել է «նամեստնիկ», մեր ուժայինների մեծ մասը ճշտվել են այդ երկրի հետ», նշեց Ալեն Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը 2021-ին էր առաջարկել այժմ հետախուզման մեջ գտնվող Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակել, ու հետագայում էլ չէր հերքել, որ այդ նշանակման հարցում ամենևին երկրորդական չի եղել Կարապետյանի մտերիմ հարաբերությունները ռուսաստանյան շրջանակների հետ։
Սա հայ-բելառուսական հերթական լարվածությունն է՝ երկու տարի առաջ դեսպանների փոխադարձ հետկանչից հետո, որից հետո չհայտարարվեց նրանց վերադարձի մասին։