Իրավապաշտպանների տվյալներով՝ Իրանում զոհերի թիվն անցել է 3.4 հազարը

ԱՄՆ - Իրանի վերաբերյալ քննարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 15-ը հունվարի, 2026թ.

Իրանի իշխանություններն արդեն 8-րդ օրը ողջ երկրում անջատած են պահում ինտերնետը, փաստացի ավելի երկար, քան 2019-ի ցույցերի ժամանակ: Հեռախոսակապը մասամբ է գործում: Հաղորդվում է, որ հակակառավարական ցույցերը հիմնականում դադարել են: Թեհրանը զոհերի մասին պաշտոնական տվյալներ չի հրապարակում, սակայն «Իրանի մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 3 հազար 428-ի:

Ցույցերը ճնշելուն մասնակցելու համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի մի քանի պաշտոնյայի դեմ, այդ թվում՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի, չորս մարզային ոստիկանապետի և երկու նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին: Մայք Ուոլցն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է՝ դիտարկվում են բոլոր տարբերակները՝ «կոտորածը դադարեցնելու համար»:

«Եվ անկախ Իրանի ռեժիմի արդարացումներից … բացառապես այդ ռեժիմն է պատասխանատու իրանցի ժողովրդի տնտեսական դժվարությունների և նրանց ազատությունը ճնշելու համար: Եվ ռեժիմը պատասխանատվության կենթարկվի», - հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

Ուոլցը նշել է, որ Իրանը «կառավարում է ճնշման, բռնության և սպառնալիքի միջոցով և տասնամյակներ շարունակ ապակայունացրել է Մերձավոր Արևելքը»։ Սակայն ռեժիմը, որը վախենում է սեփական ժողովրդից, հիմա ավելի թույլ է, քան երբևէ, ընդգծել է նա։

ՄԱԿ-ում Իրանի փոխդեսպանն արձագանքել է՝ ԱՄՆ-ին մեղադրելով ստելու, փաստերը խեղաթյուրելու և միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու համար: Թեհրանը չի ձգտում իրավիճակի սրման կամ առճակատման, ասել է Ղոլամհոսեյն Դարզին՝ շեշտելով, որ ագրեսիայի ցանկացած գործողության վճռական, համաչափ և օրինական պատասխան կտրվի:

«Սա սպառնալիք չէ, այլ իրավական իրականության արձանագրում։ Բոլոր հետևանքների համար պատասխանատվությունը կկրեն միայն նրանք, ովքեր նախաձեռնում են նման անօրինական գործողություններ», - հայտարարել է իրանցի դիվանագետը:

Նիստին ելույթ է ունեցել նաև իրանցի լրագրող և քաղաքական այլախոհ Մասիհ Ալինեջադը, որը չի կարողացել զսպել արցունքները՝ ցույցերի ժամանակ սպանվածներից մի քանիսի անունները կարդալիս:

«Սա ... Ես մեղավոր եմ զգում, որ մնացածների անունները չեմ նշում։ Անունների ցանկն անվերջ է։ Նրանք գիտեին, որ իրենց վրա կրակելու են ու սպանեն, բայց նրանք արդարություն էին ուզում», - ասել է Ալինեջադը:

ԱՄՆ նախագահն ուշադիր հետևում է Իրանում իրավիճակին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը: Քերոլայն Լևիթը նշել է, որ Իրանը նախատեսել էր 800 մարդու մահապատժի ենթարկել, սակայն ԱՄՆ զգուշացումներից հետո հրաժարվել են այդ մտքից:

«Նախագահը և նրա թիմը ուշադիր հետևում են այս իրավիճակին։ Եվ նախագահը նախկինի պես դիտարկում է միջամտության բոլոր տարբերակները», - ասել է Լևիթը:

Այս օրերին տարբեր երկրներում բնակվող իրանցիները ցուցարարներին ճնշելու Իրանի գործողությունների դեմ ակցիաներ են անում: Երեկ նման ակցիա է տեղի ունեցել Թբիլիսիում Իրանի դեսպանատան դիմաց: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել, պարզել Իրանի ու Իսրայելի դրոշները, Իրանի հանգուցյալ շահի վտարանդի որդու՝ ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավիի լուսանկարները, նաև այրել են Իրանի հոգևոր առաջնորդի լուսանկարները։

«Ամեն օր հազարավոր իրանցիներ են սպանվում։ Անհրաժեշտ է, որ այլ երկրներն օգնեն մեր ժողովրդին, միջամտեն այս հարցին։ Հատկապես ռազմական օգնությունը հիանալի կլինի։ Նվազագույնը, որ նրանք կարող են անել, այս ահաբեկիչ դիվանագետներին դեսպանատներից վտարելն է», - հայտարարել է ակցիայի մասնակիցներից Հիրատ Ֆազելին:

«Մենք այստեղ ենք՝ լինելու մեր երկրի և ժողովրդի ձայնը, որը պատանդ է վերցված։ Այս բռնապետությունը երկիրը զավթել է արդեն 47 տարի, և մենք ուզում ենք վերադարձնել մեր թագավորին … ազատությունը մեր երկրում», - ասել է մեկ այլ ցուցարար՝ Փարիզա անունով:

«Նրանք սպանում են մեր երեխաներին՝ 12, 14, 20 տարեկան երեխաներին։ Կարծում եք՝ 14 տարեկան երեխան կարո՞ղ է հեղափոխություն անել։ Ոչ։ Բայց նրանք սպանում են նրանց՝ իրենց ապագան ապահովելու համար։ Եվ սա է խնդիրը», - ընդգծել է Յուսեֆ Համզամիպուրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի և Իրանի միջևԱՄՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է բոլոր հնարավոր տարբերակների մասին, Իրանը՝ զգուշացրել՝ կպատասխանի ցանկացած ագրեսիայիՓաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին. Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնաԹրամփ. «Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժների ծրագիր չկա»Քարաջում ցույցի ժամանակ ձերբակալված տղամարդը մահապատժի չի ենթարկվի. իրանական ԶԼՄ-ներ«Իրանը մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունի». Արաղչի