Իրարամերժ հայտարարություններ ԱՄՆ - Իրան բանակցությունների մասին

ԱՄՆ և Իրանի դրոշները, արխիվ

Իրանցի բանակցողները շատ տարբեր են ու տարօրինակ, հայտարարել է Դոնալդ Թրամփը, որը երեկ պնդում էր, թե ԱՄՆ-ն Իրանից «ճիշտ մարդկանց» հետ է բանակցում պատերազմը դադարեցնելու համար:

ԱՄՆ նախագահն ասել է, որ իրանցի բանագնացները նախ «աղաչում» են գործարք կնքել, հետո հայտարարում, թե միայն դիտարկում են ամերիկյան առաջարկները: «Սխալվում են։ Ավելի լավ է շուտ լրջանան, քանի ուշ չէ», - սոցցանցում սպառնացել է նա՝ Իրանին անվանելով «խելագար» երկիր:

Թրամփը նաև դժգոհել է ՆԱՏՕ-ի անդամներից, որոնք, ըստ նրա, «բացարձակապես ոչնչով չեն օգնել» ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում նավերի անվտանգությունն ապահովելու համար, ինչը, նրա խոսքով, երբեք չեն մոռանա: Մինչ այդ էլ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե իրանցիները չեն խոստովանում, որ բանակցում են, քանզի վախենում են սեփական ժողովրդից:

«Ի դեպ, նրանք բանակցություններ են վարում և շատ են ուզում համաձայնության գալ։ Բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց: Նրանք նաև վախենում են, որ մենք կսպանենք իրենց», - ասել էր Թրամփը:

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով որպես բանակցային հնարավոր գործընկեր և գուցե նաև Իրանի ապագա առաջնորդ է դիտարկում խորհրդարանի պահպանողական խոսնակին:

Ըստ այդ հաղորդումների, պատերազմի առաջին իսկ օրվանից՝ նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո, Վաշինգտոնը փորձում է շփման եզրեր գտնել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, որին Սպիտակ տան առնվազն մի քանի պաշտոնյա հնարավոր գործընկեր է համարում: Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատել սա:

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, ինչ կասկածներ է հարուցել առ այն, թե արդյոք նա առհասարակ ողջ է կամ ի վիճակի է կառավարել երկիրը:

Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին օրերին Ամերիկան միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ է փոխանցել, որոնց վերաբերյալ Թեհրանն արտահայտել է իր դիրքորոշումը: Սակայն, ըստ Աբբաս Արաղչիի, դա չի նշանակում, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ:

Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել էր, որ երկրի բարձրաստիճան իշխանություններն ուսումնասիրում են այդ առաջարկները: Իսկ մինչ այդ դիմադրությունը կշարունակվի:

«Առայժմ մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրել և պաշտպանել երկիրը։ Այս պահին մենք բանակցություններ վարելու մտադրություն չունենք, և որևէ բանակցություն տեղի չի ունեցել», - պնդել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Արաղչին հավելել է, թե Իրանը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, սակայն՝ իր պայմաններով:

Իրանական պետական Press TV-ն երեկ հայտնել էր, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ առաջարկները և հինգ պայման է առաջ քաշել՝ դադարեցնել ագրեսիան, երաշխավորել, որ պատերազմը չի կրկնվի, վնասների փոխհատուցում վճարել, դադարեցնել պատերազմը տարածաշրջանում Իրանի պրոքսիների դեմ և միջազգայնորեն ճանաչել ու երաշխավորել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքը:

Բանակցությունների վերաբերյալ Թեհրանից և Վաշինգտոնից հնչող հակասական հայտարարությունների ֆոնին Իսրայելը պատերազմի 27-րդ օրը շարունակել է հարվածներն Իրանին և Լիբանանին: Կան զոհեր և վիրավորներ:

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որ վերահսկում էր Հորմուզի նեղուցի բլոկադան: Նա այս պաշտոնում նշանակվել էր 2018-ին։ Մինչ այդ 2010-ից ի վեր եղել է ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը։

Իրանն, իր հերթին, հարվածել է իսրայելական ռազմական կառավարման կենտրոնի, նաև՝ միջուկային ենթակառուցվածքների: Պարսից ծոցի երկրներին հարվածները ևս շարունակվել են:

Իրանի հայտարարությունից հետո, որ Թեհրանն ու Վաշինգտոնը չեն բանակցում, նավթի գինը կրկին բարձրացել է՝ հասնելով 104 դոլարի մեկ բարելի դիմաց։

Պատերազմի սկսվելուց ի վեր նավթը թանկացել է մոտ 40 տոկոսով:
Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Տարբեր գնահատականներով՝ նեղուցում դեռ 2 հազարից ավելի նավ է արգելափակված: Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանը պատրաստվում է օրենք ընդունել, որով նեղուցով անցնելու համար վճար կսահմանվի:

Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ համաշխարհային առևտրային համակարգը վերջին 80 տարիների ընթացքում «ամենավատ խափանումներին» է բախվում պատերազմի պատճառով:

Նախօրեին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, թե Պենտագոնը հավելյալ զորք է ուղարկում Մերձավոր Արևելք: Իսկ The Washington Post-ը, երեք աղբյուրի հղում անելով, հայտնում է, թե Պենտագոնը քննարկում է Ուկրաինայի համար նախատեսված սպառազինությունը Մերձավոր Արևելք ուղարկելու հարցը, քանի որ Իրանի հետ պատերազմի պատճառով սահմանափակվում է ԱՄՆ զինված ուժերի համար ամենակարևոր զինատեսակների մատակարարումը: Խոսքը առաջին հերթին հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանցիները մասնակցում են բանակցություններին, բայց վախենում են ասել. Թրամփ Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալՊակիստանը ԱՄՆ-ի խաղաղության առաջարկները փոխանցել է ԻրանինԱՄՆ-Իրան բանակցություններ կարող են լինել Պակիստանում. Axios