Իրանը սպասում է ԱՄՆ-ի քայլերին, Թրամփը չի բացառում նոր ռազմական գործողությունները

Եթե ԱՄՆ-ն կատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, ապա նույնն անմիջապես Իրանը կանի, Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Իրանի նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ Իրանի նկատմամբ ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը կարող է խաթարել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը:

«Ես հստակ հայտարարում եմ, որ եթե ԱՄՆ-ն վերադառնա վերոնշյալ փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորություններին, Իրանն անմիջապես փոխադարձ գործողություններ կձեռնարկի: Ի տարբերություն Ամերիկայի, իմ երկիրն իր միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը կատարելու հիանալի պատմություն ունի»,- Բիշքեկում հայտարարել է Փեզեշքիանը:

Հունիսին ստորագրված հուշագրով պետք է հրադադար հաստատվեր, Իրանը վերաբացեր Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն պետք է վերացներ Իրանի ծովային շրջափակումը, իսկ Վաշինգտոնն ու Թեհրանն էլ 60 օրվա ընթացքում բանակցեին Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու և Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ: Սակայն շաբաթներ անց ամերիկյան և իրանական ուժերը խախտեցին հրադադարը: 60-օրյա ժամկետը երկու շաբաթ առաջ է լրացել:

Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ դատապարտել է ԱՄՆ-ի «չար մտադրությունները» Իրանի դեմ և վստահեցրել՝ Թեհրանը կշարունակի դիմադրել ամերիկյան հարձակումներին և ճնշմանը: Էսմայիլ Բաղային ասել է, որ կիրակի երեկոյան իրանական Լարակ կղզու վրա ամերիկյան զինուժի հարձակումը վկայում է, որ ԱՄՆ-ն «շարունակում է խախտումներ կատարել»: Նա նաև պնդել է, որ այս հարձակմանը Իրանի տված պատասխանը միանգամայն «արդարացված էր»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փլուզում չի եղել և երբեք չի լինի». Իրանի ԿԲ նախագահը պնդում է՝ բավարար արտարժույթ ունեն

Իրանի Կենտրոնական բանկի նախագահն իր հերթին արձագանքել է ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությանը, թե Իրանը լուրջ վնասներ է կրում ամերիկյան պատժամիջոցների հետևանքով և պարտվում է տնտեսական պատերազմում: Աբդոլնասեր Հեմմատին հայտարարել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրանն ունի արտարժույթի բավարար պահուստներ, և վստահեցրել է՝ երկրում տնտեսական կոլապս չի լինի։

Իրանական Tasnim կիսապաշտոնական գործակալության հաղորդմամբ՝ Հեմմատին ասել է, որ Կենտրոնական բանկը պատրաստ է մինչև 2 միլիարդ դոլար ներարկել արտարժույթի շուկա՝ վերջին շրջանում նկատվող անկայունությունը հանդարտեցնելու համար:

Իրանի ԿԲ նախագահի խոսքով.- «ԱՄՆ նախագահին ես ասում եմ՝ Իրանն ունի [արտարժույթ] և բավականաչափ: Ես անկեղծորեն ասում եմ, որ տնտեսական պայմանները և կենսապահովման կառավարումը դժվարացել են, բայց [տնտեսական] փլուզում երբեք չի եղել և երբեք չի լինի։ Այս հայտարարությունները պարզապես հոգեբանական պատերազմ են, և ամեն ինչ շուտով իր տեղը կընկնի»:

Ի դեպ, օգոստոսին իրանական արժույթը ռեկորդային ցածր մակարդակի է հասել՝ գերազանցելով մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 2 միլիոն ռիալի հոգեբանական շեմը, իսկ գնաճը հուլիսին հասել է 66 տոկոսի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պնդել է՝ ամեն գիշեր 30 նավ է անցնում Հորմուզով և չի բացառել նոր հարվածներն Իրանին

Մինչ այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանում իրավիճակն անորոշ է, մարդիկ չգիտեն, թե ով է իրականում իրենց առաջնորդում: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ նոր պատժամիջոցների իրականացմանը զուգահեռ Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունները բացառված չեն: «Դա չի նշանակում, որ մենք նրանց չենք հարվածի։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել էր նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել էր, թե Հորմուզի նեղուցը լավ վիճակում է և պնդել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի օգնությամբ գիշերը միջինը 30 նավ է անցնում ջրային այս կարևորագույն ուղիով:

«Հորմուզի նեղուցը բացառիկ լավ վիճակում է։ Գիտեք, մենք այն մեր վերահսկողության տակ ենք վերցնում: Ինչպես գիտեք, երեկ գիշերը Ռազմածովային ուժերի օգնությամբ շատ նավեր են անցել, և միջինը գիշերը 30 նավ է անցնում, դա շատ է, և շատ նավթ է արտահանվում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Չնայած Թրամփի պնդումներին՝ նավագնացության մշտադիտարկմամբ զբաղվող Kpler ընկերության տվյալներով՝ մոտ կրկնակի քիչ նավ է անցնում նեղուցով, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը:

ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ներկայիս փուլում Վաշինգտոնը կենտրոնացած է Հորմուզով առևտրային նավերի ազատ նավարկությունն ապահովելու վրա։ Fox News-ի հետ զրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ Իրանի ներկայիս ղեկավարությունը ողջախոհ չի գործում, երբ փորձում է արգելափակել նավթի և գազի արտահանումը նեղուցով:

«Ինձ համար տարօրինակ է, որ նրանք երբեմն կրակ են բացում իրենց իսկ դաշնակիցների վրա՝ պարզապես նավթի և գազի ազատ հոսքը կանխելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը սպասում էր, որ Թեհրանն այդպես կվարվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզում լցանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԵթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, նույնը անմիջապես կանի Իրանը. ՓեզեշքիանԱՄՆ-ն կենտրոնացած է Հորմուզով ազատ նավարկությունն ապահովելու վրա. ՎենսԼարակ կղզու վրա հարձակումից հետո Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել միջամտել Հորմուզի շուրջ դիվանագիտական ջանքերը «ոչ մի արդյունք չեն տվել». Կալլաս Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր