Իրանը պատրաստվում էր հրթիռային հարված հասցնել Ուկրաինային, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից

Իրանը լրջորեն քննարկել է ուկրաինական նավահանգստի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու հնարավորությունը՝ Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարվածին ի պատասխան, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից՝ լարվածությունը թուլացնելու «ինտենսիվ դիվանագիտական ջանքերի» պատճառով, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրանական և արևմտյան աղբյուրներին։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան երեկ հայտարարել էր, որ հեռախոսով քննարկել է իրավիճակը իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ և, ի թիվս այլ հարցերի, հստակեցրել, որ Ուկրաինայի գործողությունները բացառապես նպատակ ունեն պաշտպանել «սեփական երկիրը ռուսական ագրեսիայից և երբեք ուղղված չեն եղել քաղաքացիական նավերի կամ մարդկանց դեմ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է՝ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չէր. Արաղչի

Սիբիհան նշել էր նաև, որ Կիևը հետաքրքրված չէ իրավիճակի սրմամբ։

Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը նույնպես չի ցանկանում սրացում, միաժամանակ պնդել էր, թե Ուկրաինան պետք է փոխհատուցում տրամադրի։

Անցած շաբաթավերջին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինայի բանակը շատ լավ արդյունքների է հասել Կասպից ծովում՝ «հեռահար հարվածներով», հավելելով, թե հարվածի տակ են հայտնվել նաև Իրանից ռազմական պարագաներ տեղափոխող նավերը։ Նույն օրը Իրանը մեղադրեց Ուկրաինային իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ, հայտարարեց «ինքնապաշտպանության» իրավունքի մասին և պնդեց, թե Ուկրաինան փորձում է «Եվրոպային ներքաշել պատերազմի մեջ»՝ Իսրայելի պատվերով։ Զելենսկին էլ իր հերթին հայտարարել էր, որ Իրանը նախկինում փաստացի արդեն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանին զենք մատակարարելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ՄԱԿ կանոնադրության բացահայտ խախտում»․ Արաղչին՝ Ուկրաինայի կողմից իրանական նավի թիրախավորման մասին